Հասարակություն

Լոնդոնում մեկնարկել է Հայկական բացօթյա 6-րդ փառատոնը

Նաիրա Հայրապետյան
«Ռադիոլուր»-ի համար, Լոնդոնից

Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը համահայկական ամենամեծ իրադարձւթյունն է  Միացյալ Թագավորությունում, որին մասնակցելու համար  ժամանում են հայեր երկրի տարբեր անկյուններից: Առաջին անգամ անցկացվել է Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ` 2011թվականին: Առաջին իսկ արձագանքներից հետո որոշվեց այն ամենամյա դարձնել:

Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս Սուրբ Սարգիս եկեղեցու բակում համախմբել էր բրիտանաբնակ հայերի, հայկական տարբեր կազմակերպությունների, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ արվեստի, կրթական- մշակութային և հասարակական տարբեր ոլորտներում՝ երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, գրքերի հրատարակչություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրություն, հայկական խոհանոց և այլն։

Վաղ առավոտից եկեղեցու բակը լի էր նաև օտարերկրացի հյուրերով, ներկա էին բրիտանացի պաշտոնատար անձինք,հոգևորականներ, Մեծ Բրիտանիայում հայկական դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից։ Քենսինգթոն վարչական շրջանում գտնվող  « Iverna Gardens»-ը վերածվել էր հայկական փոքրիկ  թաղամասի՝ ավանդական երգ ու պարով, Լոնդոնից, Մանչեստրից, Դուբլինից, Քարդիֆից և այլ քաղաքներից ժամանած հայերով։ Հայկական երաժշտության, յուրահատուկ ձևավորումներով տաղավարների, փառատոնային տրամադրության և հայկական անսպառ հյուրասիրության հանդեպ անտարբեր չէին մնում հատկապես օտարերկրացիները: Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի ջանքերով և մասնակցությամբ։

« Փառատոնի գլխավոր նպատակն է  բրիտանահայ համայնքին, թեկուզ մեկ օրով, երկրի տարբեր ծայրերից հավաքել ու համախմբել իրենց ինքնության շուրջ՝ մեր մշակույթի, պատմության, մեր հոգևոր ժառանգության,- նշեց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,- ինձ համար անչափ կարևոր է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը այս ամենին: Այս տարին մեզ համար առանձնահատուկ է, քանի որ նշում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը:»:

Բացումը սկսվեց առավոտյան Պատարագով, որին հետևեց « Անդաստան» եկեղեցական արարողությունը՝ աշխարհի չորս ծագերի օրհնությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկան Քենսինգթոն -Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը,, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, ՀՀ դեսպանատան հյուպատոսական հարցերով կցորդ Հայարփի Դրմեյանը և ուրիշներ:

«Անչափ ուրախ եմ և խորապես շնորհակալ այս հրավերի համար։ — նշեց տիկին Էլիզաբեթ Ռըդերֆորդը ,- Այս փառատոնն իսկապես հրաշալի երևույթ է, քանի որ այստեղ՝ մի հարկի տակ ներկայացվում է հայկական մշակույթը, արհեստը և շատ համեղ հայկական խոհանոցը։  Ես ամենայն բարիք եմ մաղթում այս հրաշալի համայնքին, որն այսօր համախմբվել է այստեղ` այս գեղեցիկ իրադարձությունը նշելու համար»:

«Փառատոնի ընթացում ելույթ ունեցան ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, «Կոմիտաս» երգչախումբը,  «Ախթամար» ժողովրդական համույթը և ուրիշներ: Այս տարվա ծրագրի հատուկ հյուրերն էին Հայաստանից դուդուկահար Գևորգ Կարապետյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Կարդացեք նաև

Back to top button