

Քաղաքական դաշտում իրենց դիրքավորումը փոխած ուժերը խնդիր կունենան առաջիկա ընտրություններում ՝ կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Օրինակ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, նրա գնահատմամբ, կարգավիճակ փոխելով նաև ընտրազանգված են կորցրել: Մյուսների համար ևս խնդիրը, սոցիոլոգի կարծիքով, հեշտ չի լինելու։ Ընդդիմադիրներին այս անգամ էլ չի հաջողվի մեկ դրոշի տակ համախմբվել՝ ասել է Ադիբեկյանը ու հավելել, որ թերևս երբեք էլ չհաջողվի: Ինչպես են նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկին, որը, ըստ վերլուծաբանների, աշունն է, պատրաստվում քաղաքական ուժերը, ով ում դեմ է պայքարում, ով ինչ կապիտալ ու ներուժ ունի և ինչ հնարավորություն հաջորդ խորհրդարանում հայտնվելու:
Մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում ԲՀԿ-ի ընտրողների 40 տոկոսը դեռ կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ այս փաստին առնչվել են իրենց հարցումներն անելիս, իսկ փաստը, նրա գնահատմամբ, խոսում է նրա մասին, որ Հայաստանում ընտրազանգվածը պահպանողական է, իր վարքագծով՝ իներցիոն:
Այն կուսակցությունները, որոնք չեն փոխել իրենց քաղաքական կարգավիճակը, ըստ Ահարոն Ադիբեկյանի, իրենց կազմակերպչական ռեսուրսները գործի դնելով՝ արդյունք կստանան: Իսկ ահա այն կուսակցությունները, որոնք դիրք են փոխել, ինչպես օրինակ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, առաջիկա ընտրություններում խնդրի առաջ են կանգնելու: «ՕԵԿ-ը անցավ ընդդիմություն, ՀՅԴ-ն դարձավ կոալիցիոն: Ամեն մեկը կորցրեց իր ընտրազանգվածի այն շերտը, որը մեկն իշխանամետ էր, մյուսը՝ ընդդիմադիր: Հարցն այն է, թե որքանով կկարողանան համալրել կորուստները»:
Ընդհանուր առմամբ` սոցիոլոգը կարծում է, որ խորհրդարան անցնելու ավելի մեծ շանսեր ունեն այն կուսակցությունները, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ ներկայացվածություն ունեն: «915 համայնքից 725-ում Հանրապետականի գյուղապետերն ու քաղաքապետերն են, մոտ 70-ը ՝ ԲՀԿ-ական են, 30-ական էլ ՝ ՕԵԿ-ական ու դաշնակցական»:
Ադիբեկյանը կարծում է, որ իր թվարկած հենց այս ուժերն էլ հաջորդ խորհրդարանում հայտնվելու հիմնական հավակնորդներն են: Իհարկե չի մոռանում նշել, որ պայքարը ոչ թե առաջին, այլ երկրորդ, երրորդ տեղերի համար է ընթանալու:
Ինչ շանսեր ունեն նորաստեղծ ուժերը: Դրանցից մեկի՝ « Լուսավոր Հայաստանի » առաջնորդ Էդմոն Մարուքյանը , օրինակ, կարծում է, որ նորաստեղծ ուժերն առավելություն ունեն: Հանրությունը հոգնել, հիասթափվել է տասնամյակներ շարունակ քաղաքական ասպարեզում գործող ուժերից ու լիդերներից, հիմա նոր դեմքեր է ուզում:
Ադիբեկյանն այս տեսակետը չի կիսում: Նորաստեղծ կուսակցությունները լուրջ խնդիրներ ունեն՝ ասում է: «Չի կարելի խոհանոցում նստած կուսակցություն ստեղծել: Կուսակցություն ստեղծելը բավականին մեծ ճանապարհ է, առաջինը պետք է ունենալ խարիզմատիկ դեմք, որի շուրջ կարելի է համախմբվել, ապա` ֆինանսներ, կազմակերպչական միջոց և գաղափարախոսություն, որը բրենդի նման կտարբերվի մյուսներից»:
Նորաստեղծ ուժերն այս բաղադրիչները չունեն՝ ասում է Ադիբեկյանը, հետեւաբար լուրջ խնդիրներ են ունենալու: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նոր չեն, բայց նրանց համար էլ Ադիբեկյանի խոսքով խորհրդարան մտնելը հեշտ չի լինելու: Սոցիոլոգի ամփոփմամբ՝ ՀՀԿ-ից բացի` 4-5 կուսակցություն կարող է մտնել խորհրդարան, թե որոնք՝ կախված է լինելու ԲՀԿ-ի ձայների տրոհումից: Գործող խորհրդարանում մեծությամբ երկրորդ կուսակցությունը ՝ ԲՀԿ-ն, 4 թեւի է բաժանվել, նրանցից յուրաքանչյուրը խնդիր ունի ապացուցելու, որ ինքն է ժառանգորդը:
ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ընդհանրապես լուրջ չի համարում կուսակցությունների հնարավորությունների շուրջ հարցադրումները։ «Լուրջ խոսել ընտրական համակարգից, կուսակցություններից, նշանակում է աչքերը փակել իրականության վրա: Մենք բավականաչափ զարգացած տնտեսություն, ձեւավորված միջին խավ և քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակական լուրջ շերտ չունենք, որ իր պատվերը տա: Սա է հիմնական հարցը ՝ որն է հասարակության պատվերը: Մենք դա թողած՝ քննարկում ենք, թե գլադիատորներից ով է ողջ մնալու»:
Խորհրդարանական հաջորդ ընտրություններում Վիգեն Խաչատրյանն առաջ քայլ չի ակնկալում, ոչ էլ հասարակության վստահության ավելացում: Կարծում է՝ հանրությունը դրանց նախորդների իներցիայով է մոտենալու, առանց լիարժեք գիտակցման, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում փաստորեն երկրի ղեկավար է ընտրելու:




