Մշակույթ

Մարդ մնալու պատգամով.կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան

alisagevorgyan

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացավ  Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան: Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան. համատեղ արտադրության ֆիմի առանցքում արցախյան թեման է, ցանկացած իրավիճակում մարդ մնալու պատգամով: Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, լիտվացի, հույն,իրանցի դերասաններ: Երաժշտության հեղինակը Սերժ Թանգյանն է: Նշենք, որ ստեղծագործական խմբի անդամների հանդիպումը լրագրողների հետ այսօր մեկնարկել է սուր քննադատությամբ և մեղադրանքներով, բայց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին հանդիպման վերջում, կարծեք, հաջողվել է քննադատող լրագրողին համոզել, թե ինչու է իր ֆիլմում հիմնականում հնչում ադրբեջաներենը:

 

 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ասաց, որ դա իր ընտրությունն է, որպեսզի ֆիլմում ամեն ինչ լինի հնարավորինս բնական և մոտ իրականությանը: «Վերջին բնակիչը» ֆիլմի հիմքում ևս իրական պատմություն է, որը դարձել է սցենարի հեղինակ Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիմքը:

Ֆիլմի հերոսը՝ Աբգարը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական  գյուղում մնում է միայնակ թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել  Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկեով աշխատել մզկիթի  շինարարության վրա: «Բարի գործերը հայերը լավ  են անում»,-ասում է:

verjin bnakichy333

Մի քանի օր անց ադրբեջանցին  Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Աբգարի աղջկան ու վերադարձնում նրան: Ֆիլմի ասելիքը խիստ մարդկային է, ցանկացած իրավիճակում մարդ մնալու պատգամով: Արդյոք այդ պատգամն այսօր հասու է այն հասարակությանը, որտեղ սաֆարովներն ազգային հերոս են իսկ զինվորներ գլխատած երևույթները ընդօրինակման ենթակա կերպարներ: «Ռադիոլուրի» հարցին ծնունդով արցախցի ռեժիսորի պատասխանն այսպիսին էր:

«Եթե գեթ մեկ մարդու կարողանանք փոխել՝ անկախ ազգությունից, դա արդեն հաջողություն է»:

Ֆիլմի վերջին բնակչին՝ Աբգարին մարմնավորած Ալեքսանդր Խաչատրյանն ապրիլյան դեպքերից առաջ այս հարցում ավելի լավատես էր, «Ապրիլից հետո շատ բան է փոխվել»,-ասում է: Այսօր ավելի հակված է այն մտքին, որ այս լեզուն հարևան երկրի համար գուցե այնքան էլ ընթեռնելի չէ, բայց  համոզված է՝ աշխարհի հետ խոսելու այլ կերպ մենք չունենք:

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում: Ֆիլմը հայաստանից դուրս դեռ չի ցուցադրվել, բայց այն ստեղծողները լիահույս են, որ միջազգային կինոաշխարհում «Վերջին բնակիչը» կկարողանա ասելիքը տեղ հասցնել:

Back to top button