

Ինչպե՞ս պաշտպանվել, երբ թշնամին գնդակոծում է տվյալ տարածքը: Ռադիոլուրը եղել է սահմանամերձ համայնքներում ու ճշտել, թե ին՞չ պաշտպանական գիտելիքներ ու քաղաքացիական բնակչության համար ինչպիսի թաքստոցային պայմաններ ունենք:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյան ասում է, որ ապրիլյան դեպքերից հետո ամենաշատ հարցը, որն ուղղել են ԱԻՆ- ին, այն է, թե ինչպես պետք է պաշտպանվել, երբ թշնամին գնդակոծում է տվյալ տարածքը:
Սահմանամերձ համայնքներում ապրողներին քաղպաշտպանության մասին հարցերով չես զարմացնի: Դպրոցահասակ երեխայից մինչև սովորական գյուղացին գիտի, երբ թշնամին կրակում է՝ ինչպես պետք է պատսպարվել, ուր գնալ և որտեղ թաքնվել: Ապրիլյան պատերազմը, Բաքվից հնչող ամենօրյա սպառնալի հաստատություններն այսօր մեզ ստիպում են առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանության հարցերին: Տավուշի մարզի սահմանապահ Բերքաբեր գյուղում հստակ գիտեն ուր գնալ, ինչպես կողմնորոշվել, ու, կարեւորը, առանց խուճապի մատնվելու: Արդեն 25 տարի նկուղներն ու թաքստոցները այս մարդկանց կյանքի անբաժան մասն են կազմում:
Գյուղն ունի պարզագույն թաքստոցներ, բայց գյուղացիներն այդ թաքստոցներից ոչ միշտ են օգտվում: Դրանք հասանելի են դառնում միայն այն դեպքում, երբ, ասենք, կրակոցների պահին գտնվում են գյուղամիջում: Եթե Բերքաբերում յուրաքանչյուր բնակիչ ունի իր թաքստոցը, ապա Նոյեմբերյան քաղաքում մի փոքր այլ է: Այստեղ հիմնականում թաքստոցներ ունեն հատկապես այն շինությունները, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Ապրիլյան պատերազմական գործողություններից հետո արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել «Քաղպաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկություններով:
Դրանք նախատեսում են, որ ցանկացած նոր կառուցվող շենք, շինություն պետք է ունենա ստորգետնյա նկուղ կամ այլ նպատակի ծառայող տարածք, որոնք անհրաժեշտության դեպքում բնակիչների համար կարող է որպես ապաստարան ծառայել:
Մենք այցելում ենք Նոյեմբերյանի թիվ երկու ավագ դպրոց: Դպրոցի ներսում բոլորի համար երեւացող տեղում փակցված է քաղպաշտպանության պլանը: Ռազմագիտության ուսուցիչ Արմեն Ամիրաղյանը տեղեկացնում է, որ տարին մի քանի անգամ ուսումնավարժանք են անցկացնում:
Թիվ երկու ավագ դպրոցի թաքստոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բնականոն դասապրոցես իրականացնելու համար: Կա նաև բուժկետ, որտեղ կան առաջին անհրաժեշտ պարագաները՝ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Այսպիսով՝ բնակչության համար խորհուրդ են տրվում ունենալ պարզագույն թաքստոցներ: Եթե մոտակայքում չկան նման կառույցներ, ապա ուղղակի պետք է պառկել գետնին, փակել ականջները, բերանը բաց պահել, պայթյունների ժամանակ ուժեղ բղավել: Գետնին պառկելով՝ խոցման մակերեսը փոքրացնում ենք։ Իսկ բարձր բղավոցն օգնում է արտաքին ճնշման նվազեցմանը, նպաստում է, որ թմբկաթաղանթները չվնասվեն:




