

Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորը կստանա թատերական շունչ: Մեկնարկելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը, որին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Սերբիայի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև էթնիկ պարախումբ Գանայից: Փառատոնի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնն ու Ծաղկաձորի քաղաքապետարանը: Միջոցառումը կանցկացվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո:
Վարպետության բաց դասընթացներ, մնջախաղային ու պարային ներկայացումներ և մնջախաղի արվեստի խնդիրներին նվիրված կոնֆերանս: Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնի այս տարվա գերհագեցած ծրագիրն է: Ամեն տարի ընդլայնվում է փառատոնին մասնակից պետությունների աշխարհագրությունը: 5-րդ փառատոնին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանի երկու քաղաքներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մասնակիցներ, ինչպես նաև էթնիկ պարախումբ Գանայից: Սակայն ներկայացուցիչները միայն այսքանը չեն, հայտագրումը դեռեւս շարունակվում է՝ ասում է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Իսկապես աննախադեպ էր: Դա շեշտում եմ, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո թվում էր, որ այսքան մեծ հետաքրքրություն չէր լինի, սակայն պատկերն այլ է: Ցանկացողները, ընդհակառակը, ավելի շատ են»:
Փառատոնն այսուհետ կրելու է ամենամյա բնույթ: Վարչապետի առաջարկությամբ վերանայվել է փառատոնին հատկացվելիք բյուջեն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում մեծացնել նաև այն քաղաքների ցանկը, որտեղ կկազմակերպվեն ցուցադրություններ: Այս տարի ծաղկաձորյան ցուցադրություններից բացի ներկայացումներ են կազմակերպվելու նաև Դիլիջանում և Երեւանում:
«Բացօթյա են մեր ներկայացումները: Ասեմ, որ մեր փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից ամենակարևոր և արժեքավոր հատկանիշով։ Մեր ներկայացումները մարդկանց համար են, այսինքն՝ ոչ մասնագետների, ոչ այն մարդկանց, ովքեր հրավիրատոմսեր պետք է ունենան, անպայման ժամը 7-ին պետք է գան, տոմս գնեն: Դրա համար էլ մեծ քանակությամբ հանդիսատես ենք ունենում»:
Սերբիայից ժամանած մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչը վարպետության դասընթացներ կկազմակերպի խուլերի մնջախաղի ստուդիա-թատրոնի սաների համար: Մինչ օրս սեփական բեմահարթակ չունեցող թատրոնն այսօրինակ փառատոներով փորձում է լուծել իր կարեւորագույն խնդիրը՝ սեփական տանիքի հարցը:




