
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան, սակայն այցի ստույգ ամսաթիվը դեռ հստակեցված չէ»,-«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ երկուշաբթի Վիեննայում անցկացվել է ռուս, ամերիկացի և ֆրանսիացի դեսպանների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպում:
«Հանդիպումն ընդհանուր առմամբ, նվիրված է եղել համանախագահող երկրների գործադրած վերջին միջնորդական ջանքերի գնահատականներին և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի արդյունքներին: Իմ ֆրանսիացի և ամերիկացի պաշտոնակիցները պատմել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև պետքարտուղար Քերին: Մենք խոսել ենք նաև՝ ինչպես է կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,- ասել է Պոպովը:
Հուլիսի 11-ին Վիեննայում անցկացված հանդիպմանն անդրադարձել է նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիքը: Նրա խոսքով, համանախագահները Մինսկի խմբին տեղյակ են պահել անցկացված բանակցությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահների հանդիպումների մասին: «Համանախագահ երկրները շարունակում են ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթաց գրանցելու, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև քննության մեխանիզմների մասին առաջարկներ նախապատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:




