Հասարակություն

Հակակարկտային կայանները չեն գործել՝ կարկուտն է առատ եղել

arminegevorgyan

Վերջին ժամանակահատվածում բնությունը բարեհաճ  չէ: Արթիկի ջրհեղեղը սկիզբն  էր, որից հետո տեղի ունեցավ Ապարանի ջրհեղեղը, իսկ ահա երեկ  էլ  ուժեղ  տեղացած կարկուտը վնասել էր  Արմավիրի ու Արագածոտնի  մարզի մշակովի հողատարածքներն ու  ջերմոցային տնտեսությունները: Գյուղացիները վաղ առավոտվանից հաշվում են  կրած վնասի չափերը, ու  չգիտեն թե ինչպես  են  կարողանալու  մարել արդեն վերցրած  վարկերն  ու պարտքերը; Ռադիոլուրի հետ զրույցում Արագած համայնքի բնակիչները նշում էին, որ տեղացած կարկուտը  վնասել է  բերքի 100 տոկոսը:

Նույն պատկերը կրկնվել  է նաև Արագածոտնի մարզում: Այսօր արդեն Արագածոտնի մարզպետարանը ներկայացրեց այն գյուղերի ցանկերը, որոնք  երեկ տուժել  էին  տեղացած կարկուտից: Առանձնապես խոշոր չափերի հասնող  կարկուտը  վնասներ է հասցրել հատկապես Աշտարակի տարածաշրջանին: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները:

Նախնական տվյալներով՝ գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները:  Էական վնասներ են կրել շինությունները, տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Արագածոտնում  դպրոցի շենքն է վնասվել, մշակույթի տունը, առնվազն 15-20 տանիք է վնասվել։

Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետեւանքները, ճշգրտվում վնասների չափերը: Մարզպետ  Գագիկ  Գյոզալյանը նշեց, է որ գյուղերում հակակարկտային կայանքներ եղել են, բայց չեն գործել, քանի որ կարկուտն առատ է եղել և ուղեկցվել ուժեղ քամով: Ներկա պահին  էլ ուժեղ քամին եւ տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում: Ու թերևս այս ամենին ֆոնին՝ ուրախալի լուրն այն է, որ հուլիս 12- ից կդադարեն տեղումները ու կգրանցվի ջերմաստիճանի բարձրացում: Ըստ Զարուհի Պետրոսյանի` նման տեղուﬓառատ ամառ վերջին անգամ գրանցվել է 2009 թվականին:

Back to top button