

Վերին Լարսի անցակետի կրկին փակվելու վտանգը օդում դեռ կախված է: Պաշտոնյաները արտահանողներին կոչ են անում լաստանավային փոխադրումը իրենց գործունեության օրակարգում պահել: Փոքր ու միջին փոխադրողները սակայն դժգոհում են լաստանավով փոխադրման բարձր գնից, նշում, որ այստեղ մենաշնորհի վտանգ են տեսնում: Հայաստանում սակայն վստահեցնում են՝ մենաշնորհացման խնդիր չկա: Կառավարությունը փորձում է հնարավորինս աջակցել արտահանողներին: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, ՌԴ- ում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը հանձնարարական է ստացել, որպեսզի կազմակերպի ռուսական տարածքում հայկական ապրանքների հնարավորինս արագ իրացումը։ Հայկական կողմը վերջին շրջանում ավելի հաճախ է սկսել խոսել Ռուսաստանի հետ ցամաքային այլ ճանապարհ ունենալու անհրաժեշտության մասին:
Արտահանման ակտիվ շրջանում հերթական ու տհաճ անակնկալն արտահանողներին արդեն մի քանի շաբաթ է՝ հանգիստ չի տալիս: Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային՝ ռազմավիրական ճանապարհում անորոշ վիճակը պահպանվում է։ Իհարկե, ճանապարհն աստիճանաբար բացվում է, սակայն, ինչպես տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է ասում, այն ամեն վայրկյան կրկին փակվելու վտանգի առջև է կանգնած: Հայաստանի գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նույնպես նշում է՝ վտանգը չի անցել:
Այս օրերին փրկության միակ ճանապարհը մնում է լաստանավով փոխադրումը: Պատկան մարմինները գործարարներին կոչ են անում ՝ լաստանավով փոխադրումը միշտ աչքի առաջ ունենալ: Փոքր ու միջին փոխադրողները դժգոհում են բարձր գնից, նշում, որ այստեղ էլ առկա է մենաշնորհի վտանգը։ Արսեն Ղազարյանը փարատում է մտահոգությունները:
Այս օրերին իրական ու անիրական բազմաթիվ հայտարարություններ ու առաջարկություններ են հնչում. դրանցից մեկն էլ, օրինակ, հայկական կողմի՝ սեփական լաստանավ ձեռք բերելու առաջարկն է: Քննարկվում է նաև օդային ճանապարհով բեռների փոխադրման հարցը՝ իհարկե մատչելի գնով:
Վերին Լարսի անցակետը փակվում է տարվա բոլոր եղանակներին։ Վերջին շրջանում ստեղծված դժվարություններն են թերևս պատճառ դարձել, որ կառավարությունն ավելի հաճախ է խոսում Ռուսաստանի հետ այլընտրանքային ցամաքային ճանապարհ ունենալու մասին: Այստեղ կարեւորվում են հատկապես ռուս-վրացական քննարկումները։
«Հարավային Օսեթիայով հնարավորություն կա։ Ճանապարհը լավ վիճակում է»,- ընդգծում է տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ միաժամանակ նշելով, որ բանակցություններն ընթանում են, արդյունքը սակայն հայկական կողմից կախված չէ:
Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ խորքային ուսումնասիրություններ են անհրաժեշտ, տրանսպորտի ու կապի նախարարության հետ համատեղ են աշխատում: Քննարկվում է նաև աբխազական երկաթուղու վերաբացման հարցը: Այլ մանրամասներ առայժմ չեն նշվում:
Պաշտոնական հաշվարկներ, թե որքան վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը Վերին Լարսի անցակետի փակման պատճառով, դեռ չկան։ Ակնհայտ է, որ այն բացասական ազդեցություն կունենա՝ առեւտրաշրջանառության, բեռնափոխադրումների վրա: Իսկ գնահատական չկա. քանի որ ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է:




