

Ունենք լավ գրականություն և ընթերցասեր երիտասարդության հոծ բանակ, այսօր լրագրողների հետ հանդիպմանս ժամանակ ասել է գրականգետ Արքմենիկ Նիկողոսյանը: Վերջինս համամիտ չէ այն կարծիքի հետ, որ նախորդ սերունդներն առավել կարդացած են, քան այսօրվանը: Գրախանութներում արագ սպառվող գրականություն է փաստում ասածս, նշել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն ու նաև մատնանշել հայ գրականության քարոզչության արդյունքում ունեցած ձեռքբերումները: Դրանցից մեկը՝ մեր ժամանակակից գրողների գործերը արտերկրում ներկայացնելն ու այնտեղ հրատարակելն է:
2012 թվականին Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը փոխեց գրքի ու գրականության վերաբերյալ մոտեցումները: Հենց այդ թվականին էլ գրքի հանդեպ գրանցվեց ամենաշատ հետաքրքրությունը: Վերջին տարիներին ձևավորված գրական ակումբներն էլ մեծաթիվ երիտասարդների ներգրավեցին գրքերի աշխարհ: Հաճախ ենք մեծահասակներից լսում, որ այսօրվա սերունդն ընթերցասեր չէ արտահայտությունը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը համամիտ չէ կարծիքի հետ: Այսօրվա երիտասարդությունն առավել է հակված դեպի ընթեցանությունը, ինչի ապացույցը գրախանութներում 18-ից 33 տարեկանների շրջանում մեծաքանակ գրքերի սպառումն է:
Իրավիճակը նույնն է նաև մարզային գրադարաններում: Կոտայքի մարզային գրադարանում վերջին 3 տարվա ընթացքում տպագրված գրքերի սպառողը նույնպես երիտասարդությունն է, ասում է գրականագետը: Նման պատկերի ձևավորմանը նպաստել է նաև վերջին 5 տարիների ընթացքում հրատարակիչների կատարած աշխատանքը ևս: Իրենք կարողացան ընթերցողին առաջարկել հայալեզու լավ գրականություն, ասում է:
«Նախանցած տարիներին աշխարհում եթե որևէ լավ գիքր էր տպվում, ու մերոնք անընդհատ սպասում էին, երբ պետք է լինի հայերեն, և այդպես սպասելով, գնում էին ռուսերեն կամ անգլերեն տարբերակը, ապա այսօր պատկերը լրիվ այլ է: Ես ձեզ վստահ ասում եմ, որ աշխարհում լույս տեսնող հռչակավոր բեսթելլեր դարձած գրքերի մոտ 60 տոկոսը անմիջապես թարգմանվում է հայերեն»:
Փորձեցինք փոքրիկ հարցախույզի միջոցով պարզել՝ արդյոք այսօրվա երիտասարդությունը գիրք կարդում է և առհասարակ ի՞նչ գրականություն է նախընտրում:
Գրքի մայրաքաղաք հռչակելը փոխեց վերաբերմունքը նաև ժամանակակից գրողների նկատմամբ: Եթե նախկինում գրական մեծ մրցանակի արժանացած գրողի գիրքը վաճառվում էր 3-5 օրինակ, ապա այսօր քարոզչության արդյունքում պահանջարկը մեծացել է՝ ժամանակակից գրողների գրքերը տարեկան վաճառվում է 700-800 հատ: Օրինակ Լևոն Խեչոյանի գիրքը մեկ տարվա ընթացքում ունեցել է 1500 գնորդ: Այն որ ժամանակակից գրողի ստեղծագործությունների նկատմամբ փոխվել է վերաբերմունքը, դրա ապացույցն էլ հրատարակիչների կողմից նրանց ստեղծագործությունները տպագրելու շահագրգռվածությունն է: Մեծ պահանջարկ ունեցող գիրքը լույս է ընծայվում հենց հրատարակչի աջակցությամբ:
«Դեպքեր կան, որ տարբեր հրատարակիչներ իրար հետ մրցում են, որ տպեն այսինչ հեղինակին: Այսօր Հայաստանում գիրք տպելու խնդիր չունի Գուրգեն Խանջյանը, որովհետև նրա ցանկացած գիրք լավ է վաճառվել: Տարեկան 200-300: Հայաստանում պահանջված գրող է Արամ Պաչյանը, որի գրքերը վաճառվում են մեզ համար շատ բարձր տպաքանակներով: Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպն է ունեցել երկու տպագրություն»:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը նաև մատնանշեց ժամանակակից գրականության մյուս ձեռքբերումը: Այն է՝ մեր հեղինակներին դրսի հրատարակիչներին ներկայացնելն ու նրանց գործերն այնտեղ հրատարակելը: Օրինակ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը տպագրվել է Միացյալ Նահանգներում, Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» տպագրվել է թուրքերեն, այժմ էլ լույս է ընծայվում Կանադայում: Արամ Պաչյանի «Ռոբինզոն» ժողովածուն տպագրվել է Ուկրաինայում 2000 տպաքանակով, որն էլ սպառվել է 4 ամսվա ընթացքում: Հիմա էլ Վրաստանն է հետաքրքված մեր արձակով, ասում է գրականագետն ու ավելացնում, քարոզչության արդյունքում այսօր հայ գրականությունը համընթաց քայլում է եվրոպական գրականության միտումներին:




