

Հայաստանում խաղողի արտադրությունը վերականգնվում է, գինեգործության ոլորտն էլ զարգանում՝օրեր առաջ կառավարության նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ չեն գտնվել խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրանքի որակը բարձրացնելու, միասնական հայկական բրենդ ձևավորելու, դրա ճանաչելիությունը բարձրացնելու արդյունավետ ուղիներ, որոնք էլ արտահանման ծավալների ավելացման հիմնական երաշխիքներն են:
Այս խնդիրներին լուծում տալու համար կառավարությունը որոշել է ստեղծել հիմնադրամ, որը կգործի պետություն- մասնավոր հատված համագործակցության սկզբունքով։ Վարչապետի Հովիկ Աբրահամյանի ակնկալիքները հիմնադրամի գործունեությունից լուրջ են:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ է ողջունում նմանօրինակ գաղափարը և մեծ հույսեր կապում ծրագրի հետ, սակայն գումարները նպատակային ծախսելու հարցում ունի մատավախություն: «Մնում է, որ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի կազմը լինի համեմատաբար անկախ ու սրտացավ, որպեսզի միջոցները չփոշիանան, ծախսվեն նպատակային: Ինչքանով դա կհաջողվի, ես չգիտեմ»,- ասում է:
Գինու որակի հարցում Ավագ Հարությունյանն էլ փաստեց, որ այստեղ հաստատուն աճ կա, նոր ընկերություններ են ի հայտ գալիս, հներն էլ բարձրացնում են որակը: 2013 թվականի հետ համեմատած այս տարվա 5 ամիսների ընթացքում օղու, կոնյակի, գինու և գարեջրի արտադրության ոլորտում գրանցվել է աճ: 50 տոկոս աճ է գրանցվել նաև արտահանման շուկայում: Ավագ Հարությունյանը ներկայացրեց պաշտոնական տեղեկատվությունը և նշեց, որ կան նաև ոչ պաշտոնական, սակայն հավաստի տվյալներ, որոնք պնդում են հակառակը: «Ըստ մեր տեղեկությունների՝ մենք 2013 թվականի հետ համեմատ ունենք 0 տոկոս քանակական առումով և մինուս 25 տոկոս արժեքի առումով»։
Արտահանման և ներմուծման աճերն էլ ապահովում են ոչ տեղական գիենգործական ընկերությունները, որոնք, օրենքը չխախտելով, իրենք կատարում են ներմուծումներ ու արտահանումներ՝ ապահովում արժեքի, ծավալների մեծացում, ինչն էլ որևէ ազդեցություն չունի մեր տնտեսության վրա: Այսօր հայկական գինեգործները չեն կարող մտածել շահույթի մասին, միայն պահում են շուկան: Դոլարի և ռուբլու տատանումների արդյունքում, եթե նախկինում 3 տարեկան կոնյակը արտահանվում էր 3,5 դոլարով, որը Հայաստանում արժեր 100 ռուբլի, ռուբլու արժեզրկումից հետո այդ կոնյակը վաճառվում է ինքնարժեքից 10 տոկոս բարձր գնով:
Ռուս-թուրքական հարաբերությունների սառեցումը կարող էր դրական ազդեցություն ունենալ հայկական թարմ խաղողի արտահանման վրա: Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող խաղողը ճանապարհ կհարթեր հայկական խաղողի համար, ասում է Ավագ Հարությունյանն ու միաժամանակ նշում՝ Հայաստանը չի կարող Թուրքիայի համար մրցակից լինել, քանի որ թուրքական խաղողի արտադրության ու արտահանման ծավալները մի քանի անգամ գերազանցում են հայկականինը։ Սա ապացուցում է, որ էժան ապրանքի շուկայում մենք տեղ չունենք: «Թուրքիան տալիս է ամենացածր գինը և՛ թարմ խաղողի մասով, և՛ չամիչի մասով: Երբ Պարսկաստանի նկատմամբ կային պատժամիջոցներ, պարսիկները շուկայից դուրս էին, հիմա վերադառնում են: Ամբողջ պատերազմը գնում է էժան ապրանքի դաշտում: Չհաշված վարդագույն քիշմիշը, որի գինը չի իջնում, մնացած խաղողների հարցում խնդիրներ ունենք»։
Խնդիրներ կան նաև ուզբեկական խաղողի մասով: Ուզբեկստանը 1կգ խաղողը 50 ռուբլի արժողությամբ արտահանում է Ռուսաստան, հակառակ Հայաստանի, որը 1կգ խաղողն առաջարկում է 120 ռուբլով: ԵՏՄ շուկան հետաքրքիր չէ Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ մենք ինքնարժեքի իջեցման ուղիներ չունենք: ԵՏՄ մտնելը ըստ Ավագ Հարությունյանի, մեզ տվել է 10-15 տոկոսի առավելություն, փոխարենը մենք վատացրեցինք հարաբերությունները եվրոպական շուկայի հետ:




