
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Թբիլիսի։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, նշված է պետդեպարտամենտի կայքում զետեղված տեղեկատվության մեջ։
Վարչապետ Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման օրակարգում նաեւ հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրություններն են, Թբիլիսիի եվրաատլանյտան ձգտումները: Քերիի օրակարգում բանակցություններն են նախագահ Մարգվելաշվիլիի, վրացական ընդդիմության առաջնորդների հետ:
Վաղը ԱՄՆ պետքարտուղարը Թբիլիսիից կուղևորվի Կիև, այնուհետև Վարշավա, որտեղ հուլիսի 8-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը:
Լեհաստանի մայրաքաղաքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում, ինչպես սպասվում է, առանցքային որոշումներ են ընդունվելու անվտանգության ոլորտում նոր մարտահրավերների վերաբերյալ: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ քննարկվելու են նաև Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելուն վերաբերող հարցեր:




