

Արդեն երեք տասնյակի հասնող պետություն ու միջազգային կառույց է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու աստիճանաբար դատապարտողների թիվը մեծանում է: Կնեսետում քննարկման ներկայացված հարցը ևս մեկ քար էր ճանաչման ճանապարհին քանի որ այս անգամ շատացել էին բանաձևի կողմնակիցները:
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը 1 ժամ տևած քննարկումից հետո դարձյալ չդրվեց քվեարկության ու հետ ուղարկվեց կրթության հանձնաժողով` լրացուցիչ քննարկման համար։ Սակայն բանաձևը քվեարկության դնելու կողմնակիցների թիվը, ի տարբերություն մինչ այս կազմակերպված քննարկումների, ավելի մեծ էր:
Պետք է նկատել, որ Կնեսետի՝ քվեարկությունը հետաձգելու որոշումը հարուցեց դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հրեա ականավոր գիտնականների հիասթափությունն ու զայրույթը։ Ելույթ ունեցող տարբեր կուսակցություններ ներկայացնող բոլոր պատգամավորները շեշտում էին, որ 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն է, բերում էին բազում փաստարկներ այդ ձեւակերպման օգտին։ Սակայն կառավարության ներկայացուցչի ամփոփիչ ելույթից հետո որոշում կայացվեց հետաձգել քվեարկությունը։ Ինչո՞վ է պայմանավորված այս կեցվածքը:
ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի հանձնաժողովի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ նման քայլը Թուրքիայի հետ առանց այն էլ դժվար կարգավորվող հարաբերությունները չփչացնելու նպատակ ուներ։
Այդուհանդերձ այս բանաձևը լրացուցիչ լծակ է Իսրայելի ձեռքին Թուրքիայի հետ բարդ հարաբերություններում ցույց տալու Անկարային իր տեղը՝ կարծում է Մանոյանը:
Այսօր իհարկե իր շահերից ելնելով Թուրքիան առավել ճկունություն է դրսևորում, մեկուսացումից դուրս գալու ջանքեր է գործադրում և դա էր թերևս Էրդողանի ներողության ու Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու շարժառիթը:
Պաշտոնական Թել Ավիվին էլ ձեռնտու է Անկարայի հետ հարաբերությունները բարելավել։ Բնական գազի պաշարները, որոնք հայտնաբերվել են Միջերկրական ծովում՝ Իսրայելի տարածքային ջրերում են։ Սակայն այն Եվրոպա հասցնելու ամենահեշտ ու էժան ճանապարհն անցնում է Թուրքիայով։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար հիմքեր չի տեսնում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։ Հարցը մի քանի անգամ հայտնվել է Կնեսետի օրակարգում։ Հարցի նկատմամբ ուշադրությունն է մեծացել՝ ասում է Թեւան Պողոսյանը։ Նա համոզված է, որ աստիճանաբար կմեծանա Հայոց ցեղասպանության կողմնակից պատգամավորների թիվը, ինչը կհանգեցնի համապատասխան բանաձեւի ընդունման։
Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարծես սահմանագիծ լիներ 20-րդ դարասկզբի ոճիրի դատապարտման եւ ճանաչման համար: Մեկ դարը ոչ միայն մոռացության չմատնեց, այլ նաև նոր՝ ավելի լայն ճանապարհ հարթեց ողջ աշխարհում այդ չարիքն արմատախիլ անելու գործում առաջընթաց գրանցելու համար: 2015-ին Հռոմի պապի խոսքերը ուղերձ էին կարծես ողջ աշխարհին՝ հետևելու Պապի օրինակին:
Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց այն, խոսվում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում հարցի քննարկման մասին, քաղաքական գործիչների կողմից կարծիքներ են հնչում, որ Օբաման իր պաշտոնավարման ավարտին կարտասանի «ցեղասպանություն» բառը:




