

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շարունակվում է: Այս անգամ կառավարությունն իր առջև խնդիր է դրել փորձը կիրառել մի քանի, այդ թվում նաև Տավուշի մարզում: Այստեղ խոշորացվող համայնքների ցանկում են նաև սահմանամերձ գյուղերը: Տավուշի մարզում առաջարկվող խոշորացվող համայնքներից է նաև Նոյեմբերյանը, որին նախատեսվում է միացնել սահմանամերձ Դովեղը, Բարեկամավանն ու Բաղանիսը։ Այս համայնքները դեմ հանդիման են ադրբեջանական հենակետերին: Դովեղի գյուղապետ Սամվել Գրիգորյանն ու Բաղանիսի ղեկավար Նարեկ Սահակյանը «Ռադիոլուրին» իրենց մտահոգություններն են փոխանցել, նշել, որ նախադեպ ու դրական փորձ չկա: «Եթե ծրագիրը հաջողություն չունենա, սա արդեն ռիսկային է առանց այն էլ սահմանամերձ համայնքների համար»,- ասել են նրանք: Կառավարությունում, սակայն, հակառակն են պնդում:
Տարիներ առաջ կառավարության նախաձեռնած բարեփոխումներից մեկը՝ համայնքների խոշորացումը, աստիճանաբար կյանքի է կոչվում: Արդեն մի քանի ամիս է, ինչ հանրապետության երեք մարզերում իրականացված պիլոտային ծրագիրը գործում է. Դիլիջան, Տաթև, Թումանյան համայնքներում արդեն ընտրությունները տեղի են ունեցել, բնականոն աշխատանքները իրականացվում են: Համենայնդեպս, խորհրդարանի ամբիոնից այդպես վստահեցրեց տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Կառավարությունն այժմ բարեփոխումների երկրորդ փուլն է նախաձեռնել՝ խորհրդարանին առաջարկելով համաձայնություն տալ և խոշորացնել Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի ևս մի շարք համայնքներ: Արարատի մարզից, օրինակ, առաջարկվում է խոշորացնել Ուրցաձոր համայնքը, Շիրակի մարզից ՝ Ամասիան, , Աշոցքը, Արփին, Սյունիքից՝ Գորիսը, Ձորակը, Մեղրին, Գորհայքը, Տեղը, Վայոց ձորից՝ Ջերմուկը, Վայքը, Զառիթափը, Տավուշում՝ Այրումը, Նոյեմբերյանը և Կողբը: Թվարկածները, այսպես ասենք, կենտրոններն են լինելու: Նրանց միանալու են հարակից մի քանի գյուղեր կամ քաղաքներ:
Տավուշի մարզում առաջարկվող խոշորացվող համայնքներից է նաև Նոյեմբերյանը, որին նախատեսվում է միացնել սահմանամերձ Դովեղը, Բարեկամավանն ու Բաղանիսը։ Այս համայնքները դեմ հանդիման են ադրբեջանական հենակետերին: Դովեղի գյուղապետ Սամվել Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ իրենց միակ մտահոգությունը հենց սահմանամերձ համայնք լինելն է։ «Նախադեպը չկա: Առանց այն էլ սահմանամերձ համայնքները ռիսկային են, ու եթե հաջողությունն ակնհայտ չլինի, արդեն ռիսկային կլինի խնդիրը: Գյուղացիների մի մասը լավ է ընդունում, մյուս մասը մտահոգված է»,- ասում է։
Բաղանիսի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ է մտահոգ՝ փորձարկումն իրականացնել սահմանամերձ համայնքներում այնքան էլ ճիշտ չէ, ավելին՝ ռիսկային է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է գյուղապետն ու նշում՝ իրենց համայնքն արդեն կայացած է, ունի զարգացած ենթակառուցվածքներ։ Զրուցակիցս թվարկում է գյուղում կատարած աշխատանքներն ու իր մտահոգությունը փոխանցում։ «Սա փորձարարական ծրագիր է, որի լավն ու վատը պետք է այլ համայնքներում փորձարկեին, նոր բերեին սահմանամերձ համայնքներ: Մենք ընդամենը առաջարկել էինք, որ սահմանամերձ տարածքներում չգործարկեին: Այստեղ բավականին ռիսկային գործոններ կան: Արարատյան դաշտավայրում, Էջմիածնում էդ փորձն արեք, մենք էլ տեսնենք, որ լավ է, մենք կգանք, կդիմենք, կասենք, մենք ենք ուզում այդ ծրագրին մասնակցենք»։
Անում ենք մի բան, որը հարցականի տակ է՝ ասում է Բաղանիսի գյուղապետը, ով իր մտահոգությունները նաև մարզպետին ու տարածքային կառավարման ու զարգացման նախարարին է ներկայացրել: «Իրենք էլ լրիվ հակառակն են պնդում, որ եթե գումար կա, պետք է դրանք ուղղել սահմանամերձ համայնքներ, որ ավելի ամրացնենք սահմանը: Գուցե ավելի իրատեսական է դա: Չգիտեմ, դա վիճահարույց է»:
Նախորդ պիլոտային ծրագրից ընդամենը չորս ամիս է անցել, դեռ հստակ չէ, այն տվե՞ց իր դրական արդյունքները, թե՞ ոչ: Ուստի հերթական երկրորդ փուլն այսքան արագ կազմակերպելը արդյունավետ չի համարում ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը: Նա այս բարեփոխումը Հայաստանի համար շատ կարևոր է համարում , նշում է, որ այն արվում է եղած վիճակից մեկ քայլ առաջ գնալու համար: Իրականացնել բարեփոխում, բայց ոչ այսքան շուտ:
ԱԺ պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի պնդմամբ, խոշորացվող համայնքների բնակիչները հիմնականում դեմ են համայնքների խոշորացմանը: Արագածոտնի մարզի երեք շրջանում և ինը գյուղում են եղել, հանդիպել են բնակիչների հետ: Խաչատրյանը փոխանցում է տեղացիների դժգոհությունները: Ինքը՝ պատգամավորը, անձամբ կարծում է, որ այժմ դրա ժամանակը չէ։
«Չկա մեկը և չկա մյուսը՝ ոչ մի բանով չի փոխհատուցվելու, կրճատվելու է մեկ-երկու աշխատատեղ, լրացուցիչ ծախսեր են ավելանալու, բնակչության կենսամակարդակը չի բարելավել, աղքատությունը չի վերացել»,- շարունակում է Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին համայնքների խոշորացումը լրացուցիչ հոգս է լինելու բնակչության համար:
Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի պնդմամբ, բարեփոխումը ոչ միայն արդյունավետ կառավարման կբերի, այլ նաև թույլ կտա կազմակերպել ավելի լավ ընտրություններ: Միայն թե դեռ պարզ չէ, թե խոշորացման այս փուլը երբ է անցկացվելու: Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ են կատարվելու։ Առաջին ընթերցմամբ ԱԺ- ն այն ընդունել է։ Օրենքի նախագծի քննարկման ժամանակ Բերդավանի, Կողբի, Աշոցքի եւ Ամասիայի բնակիչների դժգոհությունները մատնանշելով՝ պատգամավորների մի մասը պնդում էր, որ անհրաժեշտ է հետաձգել օրինագծի քվեարկությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ վստահեցրել էր, որ կառավարության հետ քննարկել են, հանդիպել են նաեւ վերոնշյալ համայնքների բնակիչների հետ ու որոշակի պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել: «Առաջինից երկրորդ ընթերցում գոնե Բերդավանն ու Կողբը մեկ համայնքում չեն միանա»,- հայտարարել էր նա:
Վիճահարույց օրինագիծը, ինչպես նշեցինք, առաջին ընթերցմամբ ընդունվել էր։ Հակառակ հնչող քննադատություններին՝ դրան կողմ էր քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 21- ը։




