Միջազգային

Ձերբակալվել է Google-ի շտաբ-բնակարանը հրկիզելու փորձ արած տղամարդը

Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը, իշխանությունների տեղեկությամբ, փորձել է հրկիզել Մաունթին-Վյու քաղաքում Google-ի շտաբ-բնակարանի տարածքը և կրակել է շենքի պատուհանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Verge առցանց պորտալը:

Իրավապահների տեղեկությամբ՝ Կալիֆոռնիայի 30-ամյա բնակիչ Ռաուլ Դիասը մայիսի 19-ի գիշերը հրկիզող խառնուրդով շիշ է նետել Google-ի շտաբ-բնակարանի մերձակա կայանատեղիում կայանած մեքենայի մեջ: Տեղում հրդեհ է բռնկվել, սակայն ավտոմեքենան շատ քիչ է վնասվել:

Հունիսի 4-ին ամերիկացին կրակել է ընկերությանը պատկանող շենքի պատուհանների ուղղությամբ: Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Հունիսի 10-ին Դիասը Google-ի մեկ այլ մեքենայի վրա բենզին է լցրել ու վառել:

Իրավապահները տղամարդուն ձերբակալել են հունիսի 30-ին: Դիասի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Դիասը քննիչների հետ զրույցում խոստովանել է, որ իրականցրել է նշված հարձակումները Google-ի գրասենյակի վրա և ծրագրել էր նոր հարձակումներ: Դիասը ոստիկաններին ասել է, որ ինքն այդ հանցանքները կատարել է, քանի որ կարծել է, թե Google-ը հետևում է իրեն, և դա առաջացրել է նրա դժգոհությունը: Դիասին մերժվել է գրավի դիմաց ազատ արձակել:

Google-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել կատարվածը:

Կարդացեք նաև

Back to top button