
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախյան արտոդրողները, ինչպես Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերությունները ապրանք արտահանելիս հանդիպում են խոչընդոտների, որոնք նոր շուկաններում եղած օբեկտիվ եւ սուբեկտիվ գործոններով են պայմանավորված: Դրա մասին են վկայում նաեւ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հարցումները, որոնք պարզել են, որ հայկական ընկերությունները չեն կարողանում հեշտությամբ մուտք գործել ռուսական շուկայի մանրածախ առևտրային ցանցեր: Ստեփանակերտում հանձնաժողովականները արցախցի իրենց գործընկերների հետ համատեղ նիստ են հրավիրել, որին մասնակցել են նաեւ արցախյան գործարարները եւ քննարկել արտաքին շուկաներում ներկայանալու խնդիրները:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները ՀՀ- ում արտադրված հիմնականում այն ապրանքախմբերի մասով էին, որոնք սպառման տեսանկյունից հետաքրքրություն են առաջացնում Հայաստանից դուրս: Ըստ հարցման արդյունքերի՝ հայաստանյան արտահանողները արտաքին շուկաներում հիմնականում նման խնդիրների են բախվում` տարբերակված մոտեցում է ցուցաբերվում , մանրածախ առևտրային ցանցերում վճարումներն են ուշացնում, ապրանքների ցուցադրման համար բարձր մուտքավճարներ են պահանջում կամ նախընտրում են միջնորդավորված աշխատել, ինչն ազդում է ապրանքի գնի վրա:
Ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների` հայկական ապրանքների հետ մրցակցող մյուս շուկաների առավելությունը մարքետինգային քաղաքականությունն է, որը հայկական արտահանող ընկերութունները մեծամասամբ չեն իրականացնում:
Արցախցի արտադրողները այս եւ հայաստանյան գործընկերների ունեցած խնդիրներից զատ ունեն անեւ ԼՂՀ չճանաչվածության գործոնը, ադրբեջանական հակաքարոզչությունը։ Խնդիրները, որոնք ապրանքների առաջմղմանն են խոչընդոտում, սակայն դրանցից զատ կան ներքին`երկու հայկական հանրապետությունների տարածքում կարգավորելի խնդիրներ. օրինակ` փաստաթղթաշրջանառության հետ կապված, արցախյան սերտիֆիկատների ճանաչման եւ այլն:
Համատեղ քննարկումը թույլ տվեց, որ հայաստանյան կարգավորող մարմնի բացահայտումների շարքը երկարի:
Ինչ կարող է տալ ՏՄՊՊՀ- ի ուսումնասիրությունը գործարարներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի խոսքով՝ այդ խնդիրներն իրոք ուղղակիորեն չեն գտնվում մրցակցության պաշտպանության մարմինների կարգավորման դաշտում, բայց որպես կարգավորող մարմին իրենք լինելու են հետևողական, և բարձրացված հարցերը ներկայացնելու են Հայաստանի իրավասու կառույցներին:




