Տաջիկստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սիրոջիդին Ասլովն ու Էդվարդ Նալբանդյանը իրենց բանակցությունների արդյունքներն են ամփոփել համատեղ ասուլիսում։ Տաջիկստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը մեկնարկել է այսօր, որի ընթացքում քննարկվել է նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի աշնանը նախատեսված Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանն արժեւորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում եւ սատարում Մինսկի խմբի ջանքերը՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիւսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ասլովին ներկայացվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը: Մենք արժեւորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կապակցությամբ եւ Մինսկի խմբի ջանքերի սատարումը»,- ասաց Էդ. Նալբանդյանը։
Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով քննարկումների մասին նշեց, որ մեծ կարևորություն են տալիս, որ կանխվի հակամարտության սրացումը, որպեսզի այն չվերաճի ավելի լայնամասշտաբ զինված հակամարտության: Տաջիկստանը մնում իր սկզբունքային դիրքորոշմանը, այն է՝ խաղաղ կարգավորում բոլոր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը՝ ասաց Սիրոջիդին Ասլովը:
Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովն անդրադառնալով երկկողմ հարաբերությունների՝ անհրաժեշտ համարեց վերականգնել հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, խորացնել հումանիտար կապերը:
Էդուրադ Նալբանդյանը շարունակելով երկկողմ հարաբերությունների թեման շեշտեց. «2015-ի սեպտեմբերի 14-ին Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա եւ բովանդակություն հաղորդելու շուրջ: Դրանով է պայմանավորված Տաջիկստանի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան, Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը ՀՀ-ում»։
Նալբանդյանի խոսքով՝ նախարար Ասլովի հետ հանգամանալից քննարկվել են Տաջիկստանի նախագահի՝ աշնանը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստության աշխատանքները, հայ-տաջիկական հարաբերությունների վերաբերող բազմակողմանի հարցեր:
Երկու երկրների ԱԳ Նախարարներն այսօր հաստատել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև 2016-2018 թթ խորհրդատվությունների անցկացման ծրագիրը: Նալբանդյանն ու Ասլովը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ: Շեշտել են խորհրդարանական ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:
Նախարար Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Տաջիկստանի օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են հատկապես ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում ու նշել, որ երկու օրից Երեւանում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը և շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին աջակցելու համար: