Վերլուծական

Հռոմի Պապի այցի եւ «Brexit»-ի քաղաքական եւ տնտեսական հետեւանքները

lenabadeyan
Հռոմի պապի Հայաստան այցելությունն ու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը. երկու իրադարձություն, որոնք անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի վրա:

 

Քանի որ աշխարհի տնտեսության Հայաստանը գլոբալ առումով ինտեգրված չէ, ուստի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքները մենք կգգանք պարզապես փոքրիկ, լոկալ խնդիրների վրա: Առաջին արդյունքը, որքան էլ զարմանալի է, մեզ համար դրական է: «Դոլարով վարկեր ունեցողները կարող են ժամանակավորապես շունչ քաշել»,- ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի ուղղակի տնտեսական կապը էական չէ: Դա փաստում են թվերը: 2016-ի հունվարից ապրիլ Հայաստանից Բրիտանիա իրականացված արտահանումը կազմել է մեր ընդհանուր արտահանման 0.1 տոկոսը: Ներմուծման առումով ընդամենը 3 տոկոսն է պատկանում Մեծ Բրիտանիային, իսկ որպես ներդրող Միացյալ Թագավորությունը համարվում է Հայաստանի 12-րդ ներդրումային գործընկերը: Նրան ժամանակին հետաքրքրել են հանքարդյունաբերության, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի եւ մետաղների ոլորտները, բայց 2016-ին այդ ոլորտներից էլ են Հայաստանից գումարները հոսել դեպի Մեծ Բրիտանիա:

Տնտեսագետների խոսքով ասած՝ «սալդոն բացասական է», բայց դա «բրեքզիթի» հետ որեւէ կապ չունի: Աշխարհը դեռ կզգա ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու տնտեսական հետեւանքները, բայց այդ Հանրաքվեն ունի քաղաքական հետեւանքներ առաջին հերթին հենց Հայաստանի համար: Այս տեսակետի կողմնակիցը Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն է:

Քաղաքական հետեւանքներ Հայաստանի համար կարող է ունենալ նաեւ Հռոմի պապի եռօրյա այցելությունը Հայաստան: Հայկական կողմի ակնկալիքները կապված են օրինակ Վատիկանի փակ արխիվների հետ, որոնք լուրջ ապացուցողական բազա ունեն Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կկարողանա՞նք օգտվել, թե ոչ՝ առաջին հերթին կախված է նրանից, թե տրված շանսն ինչպես կօգտագործվի, ասում է պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հռոմի պապի հայաստանյան այցից հետո արդեն ունեցած շոշափելի հետեւանքը՝ տնտեսագիտական հաշվարկներով հետեւյալն է: Առանց լրացուցիչ գումար ծախսելու տեղի ունեցավ Հայաստանի լայնածավալ գովազդ՝ Հռոմի պապի այցելությունը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների շնորհիվ: Տնտեսագետերը կանխատեսում են, որ դա իր ազդեցությունն ունենալու է զբոսաշրջության վրա: Ոլորտը որոշակիորեն տուժել էր ապրիլյան ռազմական գործողություններից հետո:

Ի դեպ, զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանը գտնվում է ընդամենը 89-րդ հորիզոնականում: Մեզանից առաջ է օրինակ՝ տարածաշրջանի մեկ այլ երկիր՝ Վրաստանը 71-րդ հորիազոնականում է: Հռոմի պապի՝ Հայաստանի տնտեսությանը տված օգուտը կարելի այսպես հաշվարկել: Նրա հետ Հայաստան էին այցելել եւս 3 հազար ուխտավոր: Տնտեսության մեջ կա մի ցուցանիշ համաձայն որի յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստան մտնելով 7-10 օրվա ընթացքում ծախսում է մոտ 800-ից հազար դոլար: Այս հաշվարկների համաձայն Հռոմի պապի հայաստանյան եռօրյա այցն ունեցել է 1.5-ից երեք միլիոն դոլարանոց էֆեկտ:

Back to top button