Հասարակություն

Ժամանակն է, որ Արցախը միանա բանակցային գործընթացին՝ ասում է ԱՄՆ նախկին դեսպանը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

«Ճիշտ  ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը   բանակցային սեղանի շուրջ   որպես անկախ պետություն  ներկայացնի իր շահերը»,- կարծում է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի պատվիրակության կազմում: Պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի հետ:

 

«Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղն   արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն։ Այսինքն ինքը ներկայացնի իր շահերը: Չէ՞ որ երբ  1994 թվականին ստորագրվել է զինադադարի մասին համաձայնագիրը, Արցախը եւս այն ստորագրել է, եւ կարծում եմ, որ  Արցախը  բանակցային գործընթացին եւս պետք է մասնակցություն ունենա»,-թերեւս սա Միացյալ Նահանգների նախկին դեսպանի Ստեփանակերտում արած միակ քաղաքական հայտարարությունն էր:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին հարցին ի պատասխան՝ էվանսն ասաց, որ ինքն ուղղակի մասնակցություն չունի դրան, հետեւում է ինչպես ԱՄՆ դեսպան Ուորլիքի, այնպես էլ մյուս համանաշագահների  գործունեությանը։ Առանձնացրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին` ասելով, թե նա միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Լրագրողների հետ շփումներում Ջոն Էվանսը ընդգծեց,  որ Արցախում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աշխատանքերի բերումով եւ հիմնադրամի ղեկավար Կարո Արմենի հրավերով: Նախկին դեսպանը հիմնադրամի խորհրդատուն է:

«Հատկապես ապրիլյան իրադարձությունները ցանկություն առաջաջացրեցին, որ գամ եւ դոկտոր Գարո Արմենի հետ փորձենք հասկանալ, թե ինչպես հիմնադրամի ծրագրերը բերենք Արցախ եւ փորձենք իրագործել այստեղ»,- ասաց Էվանսը։

Իհարկե, Հայաստանում ԱՄՆ  նախկին դեսպանի համար ադրբեջանական սեւ ցուցակի գոյությունը գաղտնիք չէ, որ ինքը եւս կարող է լրացնել այդ ցուցակը, ենթադրելի էր:Արձագանքելով դիտարկմանը, թե իր արցախյան այցն այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից է մեկնաբանվելու, դեռեւս պաշտոնավարման ժամանակ իրերն իրենց անունով կոչելու բնավորություն ունեցող դեսպանը, ում պաշտոնաթողության պատճառը հայտարարությունն էր, թե  1915թ. իրադարձությունները   «ցեղասպանություն» են, ասաց, որ ինքը հայերի հետ կապերը պաշտոնաթողությունից հետո չի խզել:  Վերջերս  Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտություն» գիրքն է հրատարակվել, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

«Գարո Արմենի հետ մենք պատրաստ ենք օգնել Արցախի ժողովրդին, քանի որ Արցախի ժողովուրդը  ողջ հայ  ժողովուրդի հետ արդեն հարյուրամյակ է, ինչ անցնում է դժվարությունների միջով: Գիտենք որքան ողբերգություններ են եղել:Վերջին իրադարձությունները կոփել են ժողովրդին, բայց  մենք վստահ ենք, որ  միասին կարող ենք ավելի լավ արդյունքերի հասնել։ Շեշտեմ ՝խոսքը հումանիտար շրջանակներում իրականացվելիք ծրագրերի մասին է»:

Ջոն Էվանսը երեկ եւ այսօր  որպես «Հայաստանի մանուկներ» հիմանդրամի խորհրդատու հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալ  Լեռնային Ղարաբաղի հետ: Պատվիրակությունը լինելու է Արցախի շրջաններում, նաեւ այն վայրերում, որոնք տուժել են  վերջին ռազմական գործողություններից, հանդիպելու են տարհանվածների հետ:

Կարդացեք նաև

Back to top button