

Գյուղոլորտի առջև ծառացած խնդիրների պակաս չկա`բերքի մթերում, արտահանում, Վերին Լարսի փակ անցակետ, կարկտահարություն ու ցրտահարություն: Գյուղացիական ապահովագրության ինստիտուտի ներդրումն էլ դանդաղում է: Հակառակ խնդիրներին՝ ոլորտի պատասխանատուները վստահեցնում են` մթերումը նախատեսված հունով է ընթանում:
Վերին Լարսի անցակետը դեռ փակ է, հետաքրքրությունն էլ ավտոճանապարհի բացման շուրջ չի նվազում: Սա միակ ցամաքային ճանապարհ է, որտեղով Հայաստանից դեպի Ռուսասատան ուղևորափոխադրում է իրականցվում, իսկ Լարսի անցակետը փակվեց հունիսի 23-ին սողանքների ու հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով: Ճանապարհը կենսական նշանակություն ունի հատկապես այս օրերին, երբ մեր երկրում սկսվել է պտուղ-բանջարեղենի մթերման ու արտահանման ակտիվ գործընթացը:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի փոխանցմամբ, դժվարություններն արդեն անցյալում են: Մեկ օրվա ընթացքում «Սպայկա» ընկերությունը լաստանավեր է վարձակալել ու Փոթիից Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները կազմակերպել: «Երկօրյա պարբերականությամբ Փոթիից Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ են տեղի ունենում: Նաև վարորդներին տեղափոխելու համար «Սպայկան» մոտորանավակ է վարձել ու չարտերային թռիչք է իրականացվում Քութաիսիից Անապա»:
Փոխնախարարն էլ է ընդգծում ` լաստանավային փոխադրումը ճանապարահը կրճատում է, փոխարենը՝ ծախսն է ավելացնում: Մակարյանի դիտարկմամբ, այլ լուծում չկա: Ընկերության հետ բանակցությունների ժամանակ հորդորել են, որ լաստանավից օգտվելու նվազագույն գին սահմանվի: Ի դեպ, մեկ մեքենայի արժեքը 1000 դոլարի սահմաններում է տատանվում: «Մասնավոր ընկերությունը վարձարկալել է, բայց մենք որպես ոլորտի լիազորված մարմին, հորդորել ենք, որպեսզի նվազագույն սահմաններում լինի: Մենք արտահանողների հետ խոսել ենք, այդ գինը իրենց համար ընդունելի է: Այսօր այդ գործըթնացը շարունակվում է»։
Գյուղնախարարությունը, ի դեպ, շարունակում է ընկերություններին հորդորել, նախապես տեղեկանալ բեռնափոխադրումների ժամանակացույցի մասին, հետո միայն սկսել մթերումը: Սա բերքը չփչացնելու և հետագա բարդություններից խուսափելու համար:
Իսկ վերջին տվյալներով՝ հանրապետությունից արտահանվել է 68 հազար տոննա թարմ պտուղ- բանջարեղեն նախորդ ողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Ծիրանի մթերումները սկսվել են, 9700 տոննա ծիրան արդեն դուրս է եկել երկրի սահմաններրից: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 7000 տոննա ծիրան:
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով մթերվել է 1173 տոննա պտուղ բանջարեղեն, որից 514 բանջարեղեն, մնացածը` պտուղ, 317 տոննա ծիրան: «Ծիրանի մթերման գինը բարձրացել է` 70-80 դրամի սահմաններում, անցյալ տարի` 40-50 դրամի սահմաններում էր տատանվում: Վերամշակող ընկերություններն այս տարի բարձր գնով են ծիրան մթերում»,-ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Վերամշակող ընկերությունները, սակայն, ոգևորված չեն մթերման գնի բարձրացումից: Երվանդ Թարվերդյանը ոլորտում հայտնի ընկերություններից մեկի տնօրենն է: Դժգոհում է` մթերման համար նախապես գին չի ֆիքսվում, այս հարցում գյուղացիներն իրենց համաձայնությունը չեն տալիս: Ինքնարժեքը բարձրանում է, գինն էլ մրցունակ չի դառնում արտաքին շուկաներում: Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է` գյուղացին պետք է եկամուտ ստանա ոչ թե մթերվող գնի, այլ՝ բերքատվության բարձրացման հաշվին՝ նոր սորտերի փորձարկման միջոցով : Միջազգային շուկայում մեծ է հատկապես տոմատի մածուկի պահանջարկը՝ ասում է Երվանդ Թարվերդյանը։ «Հայկական տոմատը բավականին լավ համբավ ունի, սակայն գնի պատճառով այն բավականին դժվար է իրացնել արտաքին շուկաներում, քանի որ մեր տոմատի մածուկը մրցունակ չէ արտաքին շուկաներում: Մրցունակ չէ թե պարսական, թե չինական տոմատի հետ: Հիմնականում այն ՀՀ-ում է իրացվում»:
Բանջարեղենային ու մրգային պահածոները արտաքին շուկաներում ավելի հեշտ են իրացվում, քանի որ թե եվրոպական, թե ԱՄՆ, թե ԵԱՏՄ շուկաներում դրանք մրցունակ են:
Մինչ մթերումը, սակայն, պտղաբուծությունը բազմաթիվ ռիսկերի միջով է անցնում` ցրտահարություն, կարկտահարություն, երաշտ, սակավաջրություն: Տարիներ շարունակ ամենառիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ինստիտուտի ներդրումը դանդաղում է։ Ոլորտը գրավիչ չէ նաև ապահովագրական ընկերությունների համար: Այդուհանդերձ, նախ որոշվեց սկսել անասնապահությունից, հետո առաջնային համարվեց պտղաբուծությունը:
Այժմ առաջիկա երկու տարիների համար պիլոտային ծրագիր է նախապատրաստվում: «Կարևոր հանգամանք է այն, որ ապահովագրությունը հանրապետությունում պետք է լինի պետական աջակցությամբ, անպայման ապահովագրական վճարների սուբսիդավորմամբ: Քննարկումները ընթանում են, նախնական տարբերակ կա, որ մինչև 75 տոկոս սուբսիդավորում լինի: Մեկ մեխանիզմ է առաջարկվում` մասնակի պարտադիր համակարգի ներդրում։ Դա առաջարկվում է ներդնել նպատակային գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսությունների համար, մնացած տնտեսությունների համար ապահովագրությունը լինելու է կամավոր»,- ծրագրի առանձնահատկությունն է ներկայացնում ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը։
Պիլոտային ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու դեպքում այն կընդլայնվի։ Մինչ այդ, սակայն, օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերը պետք է վերանայվեն, տեխնիկատնտեսական հաշվարկներ կատարվեն:




