«Ոսկե ծիրանի» այս տարվա ժյուրին կգլխավորի Տիգրան Մանսուրյանը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են այս տարվա արտամրցութային ծրագրերը ՝ մասնավորապես երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունները, «Հարգանքի տուրք» ծրագրերը, ինչպես նաև փառատոնի հատուկ հյուրերին ու փակման ֆիլմը: Արտամրցութային ծրագրերում ներկայացվելու են Կաննի, Բեռլինի, Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը, ինչպես նաև անվանի կինոգործիչների աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ցուցադրվելու է արտամրցութային 92 ֆիլմ: 13-րդ «Ոսկե ծիրանի» ժյուրին գլխավորելու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Իսկապես շատ ծանր տարի էր՝ խոստովանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ նշելով, որ փառատոնը կենդանի օրգանիզմ է։ Փառատոնի վրա իր ազդեցությունը թողեց ինչպես պատերազմը, այնպես էլ Հռոմի պապի այցելությունը:
Հակառակ բոլոր դժվարություններին՝ փառատոնի կազմակերպիչներին այս տարի էլ հաջողվել է Հայաստան հրավիրել լավագույններին, ձեւավորել ժյուրիի լավագույն կազմ, բերել լավագույն ֆիլմերը՝ նշեց Հարություն Խաչատրյանը: Արդեն հայտնի է նաև կինոփառատոնի ժյուրիի կազմն ու նախագահը: Ժյուրին այս տարի գլխավորելու է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում ներկայացվելու են Կաննի, Բեռլինի, Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը, ինչպես նաև անվանի կինոգործիչների աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ցուցադրվելու է արտամրցութային 92 ֆիլմ: Ինչպես նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «Հարավսլավական սեւ ալիքի» ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին: Նա կինոյում ըմբոստության խորհրդանիշ է: Ժիլնիկը նաեւ այս տարվա «Միջազգային վավերագրական ֆիլմեր»- ի մրցույթի ժյուրիի նախագահն է:
Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաեւ հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժաքլին Բիսեթին եւ կցուցադրվի նրա դերակատարմամբ երեք ֆիլմ: Ի դեպ՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում կնշվեն նաև Ռուբեն Գեւորգյանցի, Ռոման Բալայանի հոբելյանները, կբացվեն Էդմոնդ Քյոսայանի, Ալբերտ Յավուրյանի, Դմիտրի Կեսայանցի աստղերը: 13-րդ «Ոսկե ծիրանը» կեզրափակվի աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհին» կինոնկարի ցուցադրությամբ: