

Ըստ թուրքագետի՝ Ռուսաստանը գնաց Թուրքիայի հետ հաշտեցման քայլին, որպեսզի հակազդի էներգետիկ ոլորտում իրեն հակառակորդ դարձած Իսրայելին: «Ըստ էության՝ սա Ռուսաստանի հաղթանակն էր Թուրքիայի նկատմամբ»,- ասում է Իսպիրյանը։
Թուրքագետը համոզված է, որ արտաքին քաղաքականության ոլորտում Էրդողանն առաջիկայում նոր նախաձեռնություններ կիրականացնի, չի բացառում նաև Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող որոշակի զարգացումներ: Արտաքին աշխարհում հեղինակությունը փրկելու խնդիր ունի այս երկիրը, որի կարևոր նախապայմաններից մեկն էլ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Էրդողանի հաշտեցմանն ուղղված քայլն անսպասելի չէր և ինչ- որ առումով համաձայնեցված էր Կրեմլի հետ: «Վերջինը ևս շահագրգռված էր հարաբերությունների կարգավորմամբ, բայց միայն տնտեսական շահերից ելնելով: Աշխարհաքաղաքական ոլորտում Թուրքիան ու Ռուսաստանը կշարունակեն մնալ որպես հակառակորդներ»,- համոզված է Սաֆրաստյանը։
Ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների անդրադարձը արցախյան հիմնահարցի վրա: Կանխատեսումներ անելու համար, ըստ Սաֆրաստյանի , պետք է հաշվի առնել նախորդ տարիների փորձը։ «Այս հարցում էական փոփուխություն չի լինի»,- ասում է։
Անդրադառնալով Ստամբուլի օդանավակայանում երեկ տեղի ունեցած պայթյունին՝ թուրքագետն ասում է. «Իհարկե, ցավալի է, որ տուժում են անմեղ մարդիկ, բայց Թուրքիան ստանում է այն, ինչին արժանացել է: Նա մտավ խաղի մեջ Սիրիայում, փորձեց օգտագործել ծայրահեղ իսլամականներին աշխարհաքաղաքական իր նպատակներն իրագործելու համար, սակայն չկշռադատված քայլերի արդյունքում հայտնվեց իր պատմության մեջ, թերևս, ամենածանր իրավիճակներից մեկում»,- ասում է թուրքագետը։




