Միջազգային

Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության զոհերի թիվն ացնում է երեք տասնյակից

Ստամբուլի միջազգային օդանավակայանում այս գիշեր տեղի ունեցած երեք պայթյունի հետեւանքով զոհվել է  առնվազն 36 մարդ, վիրավորվել՝ 147- ը։ Այս թվերը հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը՝ պայթյունի վայրում լինելու ժամանակ։ Զոհերի մեծ մասը թուրքեր են, սակայն կան նաեւ օտարերկրացիներ։

Հայաստանի ԱԳՆ ֆեյսուքյան էջում նշված է, որ Ստամբուլի ահաբեկչության տուժածների մեջ, նախնական տեղեկություններով, հայեր չկան։

Թուրքիայի վարչապետը նշել է, որ ահաբեկիչները կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, ապա պայթեցրել իրենց օդանավակայանի տարբեր տերմինալներում։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան AP- ին հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանում զոհերի թիվը հասնում է 50- ի, իսկ հարձակվողները եղել են չորսը։ Պաշտոնապես այս թվերը դեռ չեն հաստատվում։

Վարչապետ Յըլդրըմը հայտնել է, որ նախնական տվյալներով ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետությունը»։ «Ահաբեկիչները օդանավակայան են եկել տաքսիով, կրակ են բացել, ապա պայթեցրել են իրենց»,- ասել է կառավարության ղեկավարը։

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը Ստամբուլի օդանավակայանում պայթյունի մասին տեղեկատվության տարածման ժամանակավոր արգելանք է դրել։

Back to top button