Մտահոգությունը ոչ թե ռուս- թուրքական կարգավորումն է, այլ՝ որ մեր հաշվին չլինի
Երեկվանից շարունակում է զարգանալ Մոսկվա- Անկարա հարաբերութուններում նոր շրջադարձի թեման: Առիթը Թուրքիայի նախագահի՝ իր ռուս պաշտոնակցին ուղղված նամակն է, որում, ըստ ռուսական կողմի, Էրդողանը ափսոսանք է հայտնում մոտ մեկ տարի առաջ ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի համար և ներողություն է խնդրում: Անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի տարածքում ռուսական ինքնաթիռի կործանումը ռուս-թուրքական հարաբերությունների նկատելի սրման պատճառ էր դարձել:
Մինչ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների մամուլի խոսնակները շարունակում են պարզաբանել Էրդողան- Ալիև նամակագրության գլխավոր հարցը՝ եղե՞լ է արդյոք «կներեք» բառը նամակում, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ հիմա և արդյո՞ք ներողությունը կանաչ լույս է վառում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին:
Ռուսաստանը խոցված ինքնաթիռի համար Թուրքիայի ներողությանը շատ ավելի վաղ էր սպասում՝ կարծում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Բայց Թուրքիան ոչ միայն հապաղում էր, այլ նաև հակառակ տրամաբանությամբ հայտարարություններ էր անում: Ներողությունը, մինչև ինքնաթիռի խոցման մեկ տարին լրանալը, այնուամենայնիվ ասվեց: Ըստ Զաքարյանի՝ Թուրքիային դա ստիպեց անել այն տնտեսական վնասը, որ կրեց այս երկիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման արդյունքում:
Ներողությունը, ըստ Զաքարյանի, հարաբերությունների արագ կամ միանգամից կարգավորում չի նշանակում, բայց հիմք է դառնում կարգավորումը սկսելու համար: Իսկ հարցը, թե ինչու հիմա, Զաքարյանը կապում է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների հետ: «Թուրքիան Եվրամիությունում, կարծում եմ, չգտավ այն գործընկերությունը, որն ակնկալում էր: ԵՄ-ն թուրքական շանտաժին չտրվեց: Եվ հիմա Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելով լուծել իր խնդիրները»:
Ռուս- թուրքական հարաբերությունների ջերմացումը Հայաստանի համար մտահոգության առիթ չէ՝ կարծում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Դրանից չի փոխվում հայ-ռուսական հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը՝ ասում է: «Ոչ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը, ոչ էլ վատացումը իրականում չեն կարող փոխել հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունն ու բնույթը: Դրանից չի փոխվելու նաև Թուրքիայի վերաբերմունքը Ղարաբաղի հարցում»:
Կվերադառնա՞ն արդյոք ռուս-թուրքական հարաբերությունները նախկին մակարդակին՝ զրուցակցիս կարծիքով կախված է երկու երկրների ղեկավարների մտադրություններից: Այդուհանդերձ, թուրքական դիվանագիտությունը շրջադարձեր սիրում է՝ ասում է Արտակ Զաքարյանը, պետք է պատրաստ լինել նորերին:
Պետք է պատրաստ լինել ոչ թե շրջադարձերին, այլ մեր շահերը սպասարկելուն ՝ սա արդեն «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի գնահատականն է: Նրա կարծիքով՝ Էրդողանը նամակը գրել է՝ իր երկրի շահերն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու արդյունքում կրած վնասները կշեռքի երկու նժարներին դնելով: «Մենք պետք է մտահոգվենք ոչ թե երկու երկիր հարաբերությունների, այլ պետք է մտահոգվենք միայն մեկ բանով՝ որ այդ կարգավորումը մեր շահերի հաշվին չլինի: Տպավորություն է, որ ներքին վախ ունենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները բարելավվում են: Սա ցույց է տալիս, որ պրոբլեմը մեր մեջ է»:
Հարցին, թե այդուհանդերձ ռուս- թուրքական հարաբերությունների ջերմացումը մտահոգության առի՞թ է թե՞ ոչ , Թևան Պողոսյանն այսպես է արձագանքում. ոչ բարեկամ հարևանի առկայությունը միայն ամենօրյա մտահոգության առիթ է: