Հասարակություն

ՔԿՀ- ներում դրական քայլեր կան, բայց համակարգային փոփոխությունների չեն բերում

karenghazaryan

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր ներկայացրել է ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում 2016-ի առաջին 6 ամիսներին։ Խմբի անդամներն արձանագրում են, որ համակարգում որոշակի դրական քայլեր կան, սակայն, նրանց համոզմամբ, այն տեմպերը, որով հիմա ընթանում են այս համակարգում բարեփոխումները՝ համակարգային փոփոխությունների չեն բերում: Պետք է օր առաջ ավելի մեծ քայլերով համակարգային փոփոխությունների հասնել, դա հնարավոր է, եթե կամք լինի՝ շեշտել են քրեակատարողական հիմնարկներում հանրային վերահսկողություն իրականացնող խմբի անդամները: 

 

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանի փոխանցմամբ՝ 2014 թ.-ի եւ 15-ի միջեւ տարբերություն կա՝  ինչ-որ առումով փորձեր կան որոշակի հարցեր լուծելու: Օրինակ՝ բժշկական առումներով: Նախկինում նման մոտեցում չի եղել: «Մոտ 50-60 տոկոսով բավարարվել են խմբի միջնորդությունները եւ հրատապ հաշվետվությունները, այդ անձինք տեղափոխվել են հիվանդանոց»:

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանի փոխանցմամբ՝ հունվարի 1- ից  մինչ օրս իրենք 57 այցելություն են կատարել՝ աշխատելով 88 դատապարտված կամ կալանավորված անձանց հետ: «Այցելությունները հիմնականում եղել են ահազանգերի եւ հրապարակումների հիման վրա: Հիմնական խնդիրները կապված են եղել բուժսպասարկման հետ, այնուհետեւ՝ 6.7 տոկոսը կազմել են վաղաժամկետ ազատման հետ կապված հանձնաժողովի որոշումները, 4.8 տոկոսը կազմել են ինքնավնասման եւ ինքնասպանության դեպքերը: Նույնքան՝ հացադուլների խնդրի վերաբերյալ, իսկ 3.8 տոկոսը՝ սննդի հետ կապված»:

Ահազանգերի հիմնական մասը վերաբերել է բուժսպասարկման խնդիրներին: Խմբի անդամների փոխանցմամբ՝ դրանց մի մասը լուծում ստացել են, մյուս մասը՝ ընթացքի մեջ է: Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի հիմնախնդիրներին: Շեշտեց, որ որոշ խմբեր ենթարկվում են խտրականության:  «Դրանք «գողական օրենքներին» չենթարկվող խմբերն են, առողջական հիմնախնդիրներ ունեցողները, նույնասեռականները, թմրամիջոցներ օգտագործող , բուժում ստացող անձինք են եւ ինչ-որ տեսակի հանցագործություն կատարած եւ դրա արդյունքում դատապարտված կամ կալանավորված անձինք են»:

Դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը ներկայացրեց կալանավորվածների նկատմամբ մահակի կիրառման դեպքեր, որ տեղի է ունեցել հունիսի 12-ին եւ արձագանք գտել լրատվամիջոցներում: «Ըստ ՔԿՀ-ի՝ նրանք պնդել են, որ ծխախոտ են պահանջել, որը չի տրամադրվել եւ կալանավորված անձինք անհնազանդություն են իրականացրել: Բայց երբ մենք կալանավորված անձանց հետ հանդիպեցինք, նրանք վնասվածքները ցույց տվեցին եւ պնդեցին, որ ոչ թե ծխախոտ են պահանջել, այլ՝ իրենց խցում կա հոգեկան հիվանդություն ունեցող անձ եւ այդ օրը երեք անգամ բժշկական օգնության կարիք է զգացել։ Նրանք պահանջել են, սակայն ոչ մի բժիշկ օգնություն ցույց չի տվել: Այդ պատճառով նրանք փորձել են անհնազանդություն դրսեւորել, որ աղմուկ լինի ու բժիշկները գան, օգնություն ցուցաբերեն»:

Դեպքի հետ կապված կալանավորվածների հաղորդագրությունները, ըստ բանախոսի, տեղ չեն հասել, դատաբժշկական փորձաքննությունը 4 օր անց է միայն նշանակվել եւ մինչ օրս նրանց ոչ մի բժիշկ չի զննել. միտումնավոր, թե ոչ՝ չգիտեն, բայց փաստ է, որ նրանք բժշկական օգնություն չեն ստացել, իսկ հաղորդագրություն ՀՔԾ ուղարկել է հանրային վերահսկողության խումբը ու այս պահին սպասում է ինչ-որ արձագանքի:

Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի կարծիքով՝ քրեակատարողական հիմնարկներում թիվ մեկ խնդիրներից են միջանձնային  ոչ կանոնադրական հարաբերությունները: Գործում են ոչ թե իրավական ակտերն ու օրենքները, այլ չգրված քրեական օրենքները: Դատապարտյալներին ճնշում են դատապարտյալների միջոցով, երբ բողոքներ են լինում: Փաստաբանի դիտարկմամբ՝ որեւէ բան այդ առումով չի փոխվում: «Մեր քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ: Բարեփոխումները արդյունք չեն տալիս: Պետք է պետական մակարդակով կամքի դրսեւորում, որ արդյունք լինի»։

Խնդիրները շատ են: Խմբի անդամները տեղեկացրեցին նաեւ, որ  ուսումնասիրությունների արդյունքներում իրենք զեկույցներ են հրապարակում, ներկայացնում են նաեւ առաջարկություններ: Այդ ամենը փոխանցվում է նաեւ արդարադատության նախարարությանը՝ լուծումներ գտնելու համար:

Խմբի նախագահ Արայիկ Զալյանն էլ ասաց, որ միշտ նախարարությունում ասում են, որ խնդիրները նայվում են, բայց, ըստ նրա, կան խնդիրներ, որոնք շատ ժամանակ չեն պահանջում, փաթեթներ մշակելու անհրաժեշտություն չունեն, սակայն երկար ժամանակով մնում են չլուծված: Բացասական պատասխան չկա, բայց՝ դրական փոփոխությունների բերող քայլեր էլ չկան, ինչը հանգեցնում է անձանց իրավունքների շարունակվող խախտումների՝ եզրափակեց հանրային վերահսկողության խմբի նախագահը:

Back to top button