Վերլուծական

Պատգամավորները ԼՂ խնդրի մասին՝ Ալիեւի վերջին հայտարարության համատեքստում

lenabadeyan

Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում եռակողմ հանդիպումներ կազմակերպելու ռուսական ջանքերին փորձում է միանալ ՄԽ համանախագահող Ֆրանսիան: Առաջիկայում այդ երկիրը նույնպես պատրաստվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Սա այն դեպքում, երբ Սանկտ Պետերբուրգի, դրանից առաջ Վիեննայի հանդիպումներից հետո Ադրբեջանը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները նոր մտահոգությունների պատճառ դարձան: Բայց նույնիսկ այս դեպքում հայկական կողմը պատրաստ է գնալ նոր հանդիպումների: Ինչպես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է ասում՝ չհանդիպելու եւ չբանակցելու այլընտրանքն իրար վրա կրակելն է: Նման սպառնալիք Այլեւի խոսքում տեսել են հանրապետական խմբակցությունից որոշ պատգամավորներ:

 

«Հետքայլ ոչ թե սանկտպետերբուրգյան հանդիպումներից, այլ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վիեննայի պայմանավորվածություններից»,- ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես է որակում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, ասենք՝ սահմանում վստահության մեխանիզմների ստեղծման աննպատակահարմարության մասին: Այստեղ նա տեսնում է հակամարտության կրկին «սառեցման» միտում եւ նույնիսկ սպառնացել է, որ Ադրբեջանն այլեւս թույլ չի տա խնդրի սառեցում: Ադրբեջանի նախագահի հայտարարությունների այս հատվածը Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համարում է ուշագրավ միջնորդների համար:

Ադրբեջանի նախագահն իր խոսքում նաեւ հակամարտության լուծման փուլային տարբերակի ակնարկ էր արել, ընդ որում, հայտարարելով, որ հայկական երկրորդ պետության ստեղծում Ադրբեջանը երբեք թույլ չի տա: Միմիայն Ադրբեջանի կազմում Ղարաբաղին կարգավիճակ տալու պատրաստակամությանը Հայաստանից տրվող  պատասխանը հետեւյալն է. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կարծիքով։ Պրն Ալիեւը չի Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը»։

Ալիեւն իր խոսքում երկու օր առաջ մերժեց մի շարք բանակցային պայմանավորվածություններ, բայց ադրբեջանական մեկնաբանություններից անակնկալի չի եկել պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Կարծում է, որ սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների գաղտնազերծում տեղի չի ունեցել, քանի որ Ալիեւի ասածներում որեւէ նոր բան չկա:

Հանրապետական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանի համոզմամբ՝ ընթացող գործընթացներին հակառակ, Ադրբեջանն իր հայտարարություններով պատրաստվում է պատերազմի՝ եթե ոչ լայնածավալ, ապա ապրիլյան դեպքերի նման:

Հենց այստեղ էլ պատգամավորը նշում է Հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համաձայնագրի վավերացման կարեւորությունը: Արդյո՞ք պայմանագրի վավերացումն այն նախապայմանն է, որի կատարման դեպքում ռուսական վարկով ձեռք բերված զենքը վերջապես կհասնի Հայաստան, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան պատգամավորն ուղիղ կապ չնշեց, բայց չբացառեց, որ դա կարող է նպաստել:

Ի դեպ՝ վերոնշյալ պայմանագրի վավերացման հարցը ԱԺ արտահերթի օրակարգում է եւ այսօր խորհրդարանի շենքի մոտ կրկին կազմակերպվել էր ակցիա ընդդեմ համաձայնագրի վավերացման:

Կարդացեք նաև

Back to top button