ԿարևորՄիջազգային

«Բրեկսիտ», որը փոխում է աշխարհը

marlenahovsepyan

«Իրադարձություն, որն առանց չափազանցության իրարանցում է առաջացրել ամբողջ մոլորակում», «Մենք արթնացել ենք նոր աշխարհում», «Պատմական իրադարձություն, որը փոխելու է ոչ միայն բրիտանացիների ու եվրոպացիների կյանքը, այլև հավակնում է լրջորեն փոփոխել պատմական ընթացքը»,«Ճակատագրական հանրաքվե», «Միացյալ Թագավորության ու Եվրոպայի  մայրամուտ». ահա այսպիսի որակումներ են տալիս աշխարհի առաջատար լրատվամիջոցները նախօրեին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին:

Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայից, որտեղ ամփոփում էին նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, եկան անսպասելի լուրեր։ Բրիտանացիների 52 տոկոսը քվեարկեցին թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալու օգտին: Ինչ է դա նշանակում և ինչ է սպասվում Մեծ Բրիտանիային, Եվրամիությանն ու ոչ միայն:Որոնք են լինելու բրիտանական հանրաքվեի քաղաքական և տնտեսական հետևանքները:Հանրաքվեի արդյունքներից դեռևս ուշքի չեկած միջազգային հանրությունը փորձում է տալ այս հարցերի պատասխանները:

Իրադարձությունները Միացյալ Թագավորությունում զարգանում են սրընթաց:Վարչապետ և Եվրամիությանն անդամությունը պահպանելու գլխավոր ջատագով Դեյվիդ Քեմերոնն արդեն հրաժարական է տվել: Բրիտանացիներին ուղղված ուղերձում վարչապետն ասել է, որ «ժողովրդի կամքն արժանի է հարգանքի»: Քեմերոնը նաև մանրամասնել է, որ նոր վարչապետը կնշանակվի մինչեւ հոկտեմբեր: Եվրահոռետեսների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»: Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը:

Շոտլանդիան, որը վերջերս հանրաքվեով վճռում էր Միացյալ Թագավորության կազմում մնալ-չմնալու հարցը արդեն, հայտարարել է, որ իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ կառավարությունը կսկսի նախապատրաստել օրենսդրական հիմքեր անկախության նոր հանրաքվե անցկացնելու համար:

Նույնն է նաև Հյուսիսային Իռլանդիայի դեպքում, որտեդ արդեն հայտարարել են Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Իռլանդիայի ազգայնական «Շին ֆեյն» կուսակցությունը հայտարարել է, որ Հյուսիսային Իռլանդիան պետք է Իռլանդիայի հետ միավորման հանրաքվե անցկացնելու իրավունք ստանա։

Հայտարարության են հանդես գալիս Եվրոպայի միասնության ջատագովները: Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը խոստացել է պահպանել Եվրամիության միասնականությունը:«Եվրամիությունը վճռական է տրամադրված պահպանելու իր միասնականությունն ու թույլ չտալու, որպեսզի կառույցը լքի դրա անդամ 27 երկրներից որևէ մեկը», մեկնաբանելով Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է Տուսկը՝ ընդգծելով, որ մեծ հավատ ունի Եվրամիության ապագայի նկատմամբ:«Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ», ասել է Դոնալդ Տուսկը:

Դե իսկ Բեռլինում ակնկալվում է Եվրամիության հիմնադիր երկրների արտգործնախարարների հանդիպումը, նրանք կքննարկեն ՄԹ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներից հետո ստեղծված իրավիճակը:Եվրոպայի սրտում տեղի ունեցող իրադարձություններին ուշի ուշով հետևում են նաև Վաշինգտոնից: Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել հանրաքվեի այլ արդյունք: Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման ուշադիր հետևում է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող զարգացումներին ու ևս պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Հայտարարությամբ Մոսկվայի դիրքորոշումը կարտահայտի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այդ Կրեմլը նախագահի խոսնակի մակարդակով է մեկնաբանել   Մեծ Բրիտանիայում նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքները: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որպեսզի Եվրամիությունը լինի ծաղկուն: «Եվրամիությունը Ռուսաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից է»,-  ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահը նշել էր, թե Brexit-ը Բրիտանիայի ու Եվրամիության հարաբերությունների թեման է:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին կոչ է արել փոխել Եվրոպան՝ դարձնելով այն ավելի մարդկային և արդար։  Բայց Եվրոպան մեր տունն ու մեր ապագան է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Որն էր քվեարկության նման ելքի պատճառը. Բրիտանական մամուլը ենթադրություններ է անում՝ նշելով, որ միգրացիոն ճգնաժամը մեծապես պայմանավորեց հանրաքվեի ելքը: Ստեղծված իրավիճակին արձագանքում են նաև Եվրամիության տարբեր երկների առաջնորդներ՝ անվանելով տեղի ունեցածն «աղետ» և ենթադրելով, որ ոչ հեռավոր ապագայում կարող է գալ նաև իրենց երկրների հերթը:

Երեկվա պատմական իրադարձությունից հետո Եվրոպական բորսաները կաթվածահար են. Բրիտանական ֆոնդային FTSE 250 ինդեքսը արձագանքել են 11 տոկոսանոց անկմամբ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:Դոմինոյի էֆեկտով գործընթացը շարունակություն է ստացել նաև այլ շուկաներում: Անկում են գրանցել նաև մի շարք երկրների արժույթները, ֆունտը դոլարի նկատմամբ գրանցել է ավելի քան 10 տոկոսանոց անկում, դա վատագույն ցուցանիշն է 1985 թվականից ի վեր:

Մեծ Բրիտանիայի հանրաքվեն լուրջ հարված հասցրեց Եվրամիությանն ու եվրոպական ինտեգրման գաղափարին ընդհանրապես: Առաջին անգամ 60-ամյա պատմության ընթացքում այն կրճատվելու է ոչ թե համալրվելու:

Եվրամիության ղեկավարությունը Մեծ Բրիտանիային կոչ է արել չձգձգել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու գործընթացը: «Ազատ և արդար կամարտահայտման ճանապարհով բրիտանացիները որոշեցին լքել Եվրամիությունը: Մենք ափսոսում ենք այդ որոշման համար, բայց և հարգում այն»-, ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի համատեղ հայտարարության մեջ:

Back to top button