

Եվրոպական զարգացումներին ուշադրությամբ հետևում են նաև Հայաստանում: Ինչպես է մեկնաբանվում ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը հայաստանյան փորձագիտական շրջանակներում:
Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 52 տոկոսի որոշումը խառնել է եվրոպական խաղաքարտերը:
Ի հակակշիռ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների վստահեցումների, թե բրիտանական հանրաքվեի արդյունքները Եվրամիության միասնականությանը չեն սպառնում, թե Բրյուսելը պատրաստ է Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, հնչում են նաև կառույցի ապագային վերաբերող խիստ վատատեսական կանխատեսումներ: Գնահատականը, թե բրիտանական որոշումը կարագացնի ԵՄ-ի քայքայման գործընթացը, պաշտպանների պակաս չի զգում:
Եթե ոչ քայքայման սկիզբ, ապա անվստահության հայտ, լուրջ մարտահրավեր և նախադեպ՝ այսպես է գնահատում Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները վերլուծաբան, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Նախադեպ ԵՄ ամենամեծ, հզոր ու կայուն երկրի կողմից և մտածել, որ սա չի ունենա իր անդրադարձը մյուս երկրների վրա, որ այս նախադեպից օգտվել ցանկացողներ չեն լինի, բավական դժվար է»:
Գործընթացը երկսայր է՝ իր հետևանքներով սպառնում է ոչ միայն Եվրամիությանը, այլ նաև հենց Միացյալ Թագավորությանը: Փորձագետներն արդեն կանխատեսում են, որ ԵՄ-ից դուրս գալու որոշմամբ Միացյալ Թագավորությունը վտանգում է նաև հենց սեփական միասնականությունը: Այդ վտանգն, ըստ Բեքարյանի, պարզորոշ երևում է նաև ըստ տարածքների քվեարկության պատկերի մեջ:
«Երբ նայում ենք, թե Թագավորության որ հատվածն ինչպես է քվեարկել հանրաքվեի ժամանակ, հետևյալ պատկերին ենք ականատես լինում ՝ Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան մեծամասամբ կողմ են քվեարկել ԵՄ-ի մեջ մնալուն: Սրան հաջորդել են քաղաքական հայտարարություններ, ինչը ենթադրել է տալիս, որ կհետևեն նաև գործընթացներ մնալու ԵՄ-ի կազմում, որը նույնն է ինչ Միացյալ Թագավորությունը լքելը»:
Բոլոր տեխնիկական հարցերը՝ ինչպես կկազմակերպվի անջատման գործընթացը ինչ ժամկետներում, ինչ խնդիրների առջև կկանգնեցնի, ըստ հայ վերլուծաբանների, ավելի շատ հարցականներ է պարունակում, քան պատասխաններ: Նման նախադեպ ԵՄ-ն դեռ չի ունեցել ու 0-ից ճանապարհ է սպասվում: Այս գնահատականը կիսում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ Աշոտ Կարապետյանը, ում կարծիքով, սակայն որոշումն անսպասելիների շարքից չէր: Միացյալ Թագավորությունը խիստ մեծ վերապահումներով էր մասնակցում ԵՄ քաղաքականությանը, օգտագործում էր ցանկացած առիթ՝ հակասություններն ընդգծելու համար, եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ չէր: Ըստ էության ՝ անգլիացիները ներսից խոչընդոտում էին եվրաինտեգրացիոն գործընթացները ու սա լուրջ դժգոհություն էր առաջացնում հենց ԵՄ-ում: Աշոտ Կարապետյանը համոզված է, որ ԵՄ անդամներից շատերը ողջունելու են Մեծ դուրս գալը:
«Չեմ կասկածում, որ Ֆրանսիայում ու Գերմանիայում շատերը ուրախությամբ ծափ են տալու ու ողջունելու են Մեծ Բրիտանիայի դուրս գալը»:
Եվրոպան ցնցած բրիտանական որոշումն անկանխատեսելի չէր, անգամ սպասելի էր՝ Ռադիոլուրի հետ զրույցում այս տեսակետն էլ հայտնել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիան լուրջ վերապահումներով է մոտեցել թե ԵՄ քաղաքականությանը, մասնավորապես շենգենյան համաձայնություններին, միասնական արժույթին վերաբերող հարցերում: «Դե ֆակտո» իրավիճակն արձանագրվեց դե յուրե՝ ասում է Թաթուլ Մանասերյանը: Իսկ գնահատականը, թե բրիտանական որոշումը եվրագոտում տնտեսական մեծ ցնցումների է հանգեցնելու, չի կիսում:
Տնտեսագետի գնահատմամբ՝ թեև ԵՄ-ն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է, բայց այս որոշումն առայժմ երկկողմ հարաբերությունների վրա ակնառու կամ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:




