Հասարակություն

Ոչ թե բջջային, այլ ձեռխոս. Լավրենտի Միրզոյանը լեզվական խնդիրների մասին

sonahakobyan

Եթերից հնչող հայերենին և լեզվի աղավաղման խնդիրներին է այսօր անդրադարձել Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Խնդիրները շատ են՝ ասել է լեզվաբանը, թեև նկատել է, որ 90-ականների համեմատ գոնե  լրատվության դաշտում բավականին դրական փոփոխություններ կան, բայց այսօր էլ թերություններ կան, որոնք հիմնականում գալիս են օտարաբանություններից: Լավրենտի Միրզոյանն անդրադարձել է նաև սխալ հայերենով կամ օտար լեզուներով տեղադրված ցուցանակներին, հյուրանոցների անուններին, որոնք ոչ միայն ուղղագրական սխալներով են, այլև հաճախ անհասկանալի:

 

Ոչ թե «Եվրոմիություն», այլ՝ «Եվրամիություն», ոչ թե «ամսեկան» , այլ՝ «ամսական», ոչ թե բջջային հեռախոս, այլ՝ ձեռախոս. լեզվի աղավաղման մի քանի օրինակներ բերելով՝ Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը նկատեց, որ հանրային կարծիքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը: Իհարկե՝ 90-ականների համեմատ այսօր մեր լրատվության դաշտում բավականին դրական փոփոխություններ կան, բայց այսօր էլ թերություններ կան, որոնք հիմնականում գալիս են օտարաբանություններից՝ նշեց Լավրենտի Միրզոյանը:

Եթե լրատվական հաղորդումները հիմնականում պահպանում են անաղարտ հայերենը, ապա մյուս հաղորդումներն ու գովազդները այնպիսի սխալներով են մատուցվում, որ պարզապես  հիասթափեցնում են լսարանին:

Լավրենտի Միրզոյանը չի կարծում, որ միայն խմբագրով է պայմանավորված լեզվի անաղարտությունը, առավել ևս, որ ոչ բոլոր խմբագիրներն են այսօր լիարժեք տիրապետում մայրենի լեզվին:

Ի դեպ՝ սխալ է նաև ԶԼՄ հապավումը: Ոչ թե Զանգվածային լրատվության միջոց, այլ՝ զանգվածային տեղեկատվության միջոց: Լավրենտի Միրզոյանն անդրադարձավ նաև սխալ հայերենով կամ օտար լեզուներով տեղադրված ցուցանակներին, հյուրանոցների անուններին, որոնք ոչ միայն ուղղագրական սխալներով են, այլև հաճախ անհասկանալի են:

Այս բոլոր խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ լեզվաբանը բարձրաձայնել է, առավել ակտիվ էր հատկապես լեզվի տեսչությունը ղեկավարելու տարիներին: Այսօր էլ կա այդ կառույցը, բայց նախկին պետը չցանկացավ անդրադառնալ իր նախկին գործընկերների աշխատանքին: Միայն նշեց, որ խնդիրներն իսկապես շատ են, իսկ ինքն այլևս տեսչությունում չէ, քանի որ չափից շատ էր նկատում այդ խնդիրները:

Back to top button