

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ այս պահին սկսված գործընթացները թեեւ տանում են դեպի բանակցությունների վերսկսում, բայց այդ հանդիպումների վերլուծություններում քաղաքական գործիչները դեռեւս չեն բացառում ապրիլյան ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Դա, սակայն, դեպքերի զարգացման տարբերակներից մեկն է: Շատերն այս պահին կարծում են, որ սանկտպետերբուրգյան հանդիպումների արդյունքն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին: Հայկական դիրքերի ամրապնդման մասին է վկայում նաեւ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու վերջին հարցազրույցը:
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնության զիջումը Ռուսաստանին նշանակում է, որ Արեւմուտքի համար այս պահին ընդունելի են Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում: «Ռադիոլուր»-ի հարցին պատասխանելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշում է, որ պայմանավորվածություններ ձեռք են բերվել ոչ թե հակամարտող կողմերի, այլ՝ միջնորդների միջեւ:
Այս պահին սանկտպետերբուրգյան հանդիպման տեսանելի արդյունքը՝ ժամանակ շահելն է: Այլ կերպ ասած՝ հայկական կողմի համար ձեռնտու ստատուս-քվոն պահպանվում է մինչեւ հաջորդ քայլերը՝ բանակցություններից առաջ հետաքննության մեխանիզմի հիմնումն ու վստահության ձեւավորումը:
Այս ընթացքում Հայաստանը պետք է դասեր քաղի եւ պատրաստվի: «Պատրաստվել թե դիվանագիտական, թե ռազմական առումով»,- որոշ ժամանակ անց ապրիլյան դեպքերի կրկնությունը չի բացառում պատգամավոր Թեւան Պողոսյանը: Կարծում է, որ այս պահին հակամարտող կողմերից ավելի ուժեղ ճնշումների տակ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը բացառում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ասում է, նախ՝ միջազգային հանրությունը դա թույլ չի տա, քանի որ այս պահին առաջին հերթին իրենց ձեռնտու չէ: Ըստ նրա՝ իրավիճակի ավելի ճիշտ պատկերացում վերջին շրջանում տվել է ամենահայտնի ռուս արեւելագետներից մեկը՝ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Ղարաբաղ այցելելուց հետո նա ադրբեջանական կայքերից մեկին հարցազրույց է տվել, որը, ըստ Կարեն Քոչարյանի, պետք է հասկանալ հետեւյալ կերպ: «Բաց ասում է, որ Ադրբեջանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ երբեւէ Ղարաբաղը էլ չի լինելու իր կազմում, որ Ղարաբաղը բանակցությունների կողմ է եւ այլն, եւ այլն»:
Այս պահին սկսած գործընթացը, սակայն, երկարատեւ է: Կարեն Քոչարյանի կանխատեսմամբ՝ կարող է տեւել մի քանի տարի: Նմանատիպ կանխատեսում ունի նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պնդում է, որ պետք չէ լուրջ ընդունել ադրբեջանական քարոզչության տարատեսակ հայտարարությունները՝ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Այս առումով խորհուրդ է տալիս, որ մենք ձեւավորենք քննարկումների օրակարգը եւ չլինենք Ադրբեջանի քարոզչությանը պատասխանողների դերում: Ինչ վերաբերում է փաստին, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ, պատգամավորը որեւէ թաքնված վտանգներ այդտեղ չի տեսնում: Ավելին՝ կարծում է, որ դա Արցախի կարծիքը լսելու ապացույցն է:




