Մշակույթ

Ընտրությունը բավականին դժվար է. «Ոսկե ծիրան»- ում լավ ֆիլմերը շատ են

alisagevorgyan

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են փառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը: Վստահեցրել են, որ ինչպես մրցութային, այնպես էլ արտամրցութային ծրագրերն այս տարի ևս  խիստ հագեցած ու հետաքրքիր են, այնպես որ փառատոնի մեկ շաբաթվա ընթացքում կինոյի սիրահարներին  իսկական տոն է սպասվում:

 

«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն  ընդգրկում է  37 երկիր: 900 հայտերից ընտրված  43 ֆիլմեր կպայքարեն երեք հիմնական մրցութային ծրագրերում, որոնցից 12-ը՝ «միջազգային խաղարկային» մրցույթում, 15-ը՝ «միջազգային վավերագրական», 16-ը՝ «հայկական համայնապատկեր» ազգային  մրցույթում:

«Խաղարկային մրցույթում ընտրությունն այս տարի բավականին դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին»,- ասում է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը՝ խոստովանելով, որ ֆիլմերի ընտրությունն ընթացել է  թեժ քննարկումների,  երբեմն անգամ կատաղի վիճաբանությունների մթնոլորտում։

Պարսկականից զատ նաև վրացական, թուրքական, տարածաշրջանային կինոն , ընդհանրապես, հայկական փառատոնում, ինչպես միշտ առաջատար դիրքերում է: Վավերագրական ֆիլմերի մրցութային հանձնաժողովի ղեկավար Արա Խանջյանն ասում է, որ երբեմն նախանձով է հետևել այն ամենին, ինչ տեղի է ունեցել խաղարկային ֆիլմերի հանձնաժողովում, որովհետև ներկայացված վավերագրական ֆիլմերում պատկերն այս տարի ավելի տխուր էր: Այդուհանդերձ՝ ընտրված 15 ֆիլմերն առանձնանում են իրենց որակով և մտածողությամբ, որի առանցքում մարդն է

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում հայտերն այս տարի համեմատաբար քիչ են եղել, բայց մրցույթում ընդգրկվել են հինգ լիամետրաժ ֆիլմեր, ինչը, ըստ ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի, Հայաստանի համար  բավականին բարձր ցուցանիշ է։

«Ոսկե ծիրան» երևանյան փառատոնը բացահայտում է համաշխարհային կինոյում նկատվող հետաքրքիր միտումը՝ կին ռեժիսորներն, այսպես ասած, գրոհում են: Արդյո՞ք կանանց  գերակշռությունն  ապահովում է նաև  զգացմունքային գերակշռությունը կինոյում՝ հարցի առնչությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի տեսակետն  ամենևին կատեգորիկ չէ: «Խիստ  տարբեր են: Կանայք երբեմն ստեղծում են շատ ավելի ամուր ու տղամարդկային ֆիլմեր, քան որոշ սենտիմենտալ տղամարդիկ»,- ասում է Ստամբոլցյանը:

Կարդացեք նաև

Back to top button