Քաղաքական

Քաղաքական ամբիցիա՞, թե՞ խաղաղության երաշխավոր. ո՞րն էր ՌԴ դերը եռակողմ հանդիպումում

lenabadeyan

Տարբեր հայտարարություններ եւ յուրովի մեկնաբանություններ. այսօր բոլորը փորձում են հասկանալ, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին ինչ տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումը, որից ԵԱՀԿ նախ փորձեց հրաժարվել, այնուհետեւ ամեն դեպքում ՄԽ համանախագահները միացան եւ մասնակցեցին: Նմանատիպ հանդիպումներում կարեւոր են ոչ միայն վերջնական հայտարարությունները, այլեւ մանրուքները: Այդպիսի մի մանրուքի վրա ուշադրություն է դարձրել նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նշում է, որ եռակողմ հանդիպումից դուրս գալուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցել է ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին՝ դրանով հասկացնելով, թե Հայաստանը բանակցային որ ձեւաչափին է հավատարիմ եւ որ տարբերակն է նախընտրում:  

 

«Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ընդամենը Կրեմլի քաղաքական ամբիցիաների բավարարում էր»,- կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը: Հանդիպումն ինչ կտա դեռ հայտնի չէ, բայց որ օգտակար էր՝ համոզված է Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Երկու գործիչն էլ սակայն միակարծիք են մեկ հարցի շուրջ՝ նման հանդիպումները բանակցություններ անվանել չի կարելի:

Ստյոպա Սաֆարյանն իր վերլուծություններով պնդում է, որ Ռուսաստանն իր միջնորդությամբ փորձում է իրականացնել ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հետ է մղում 2008-ի մակարդակին, երբ մայնդորֆյան հանդիպումից հետո Ռուսաստանը սկիզբ դրեց հանդիպումների եռակողմ ձեւաչափին, որի ընթացքում էլ հասունացվեց «լավրովյան պլան» կոչվածը: Պարզ ասած, Ռուսաստանի տարածաշրջանային հետաքրքրություններից ելնելով քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի վստահում Ռուսաստանի միջնորդությանը, ասում է, որ միակ հույսը ԵԱՀԿ միջնորդությամբ ընթացող գործընթացներն են:

Նա ուշադրություն է հրավիրում մի ուշագրավ փաստի վրա՝ սանկտպետերբուրգյան հանդիպումներին զուգահեռ Ֆրանսիայի դեսպանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը եւ նրա ասածներում կան ենթատեքստեր: «Ուշագրավ եմ համարում այս կտրվածքով, որ Ֆրանսիայի դեսպանն ի լուր բոլորի հայտարարեց, որ Վիեննայում ինտենսիվ շարունակվում են եւ մոնիտորինգի մեխանիզմների մշակման գործընթացը, եւ հետաքննությունների մեխանիզմի մշակման գործընթացը: Ինչպես մեզ ներկայացվում է ոչ այնքան տեխնիկական միջոցների ներդրման մասին է խոսքը, որքան կայուն, մշտական հիմքերով տեղակայված դիտորդների եւ մարդկանց մասին: Դեսպանը նաեւ խոսել է, որ ստեղծվելիք մեխանիզմը  ընդհուպ օգնելու է վեր հանել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կատարվածը: Ակնհայտ է, որ հասկացվում է՝ ապրիլյան պատերազմը նույնպես դառնալու է հետաքննության առարկա եւ սա թերեւս բավական կարեւոր է»,- ասում է Սաֆարյանը։

Ի՞նչ է եղել Սանկտ Պետերբուրգում, ի՞նչ առաջարկներ են ներկայացվել կողմերին եւ ի՞նչ է քննարկվել: Այս պարզաբանումները Հանրապետական կուսակցության անդամներն ու խմբակցության պատգամավորները դեռեւս չեն ստանա: Բարձրաստիճան ղեկավարության հետ որեւէ հանդիպման մասին համենայնդեպս հանրապետական խմբակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղյակ չէ: Ունեցած ինֆորմացիայից եւ եղած իրողություններից պատգամավորը ենթադրում է հետեւյալը, «Նախագահները փաստում են, որ իրենք կարեւորում են եւ համաձայն են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի անձնակազմի թվակազմի ավելացմանը: Սա մշտադիտարկման հավելյալ կարողությունների ձեւավորման ուղղությամբ առաջին քայլն էր: Մինչ այդ ԵԱՀԿ ֆինանսական հանձնաժողովում ադրբեջանական կողմը միշտ բոյկոտել է այդ խնդրի համար անհրաժեշտ հավելյալ բյուջետային հատկացումները: Օգտակարը ես կհամարեի սա: Մենք ականատես ենք, որ Ռուսաստանը դե ֆակտո ստանձնում է խաղաղության երաշխավորի պատասխանատվությունը՝ իր ռազմավարական հետաքրքրությունների գոտում խաղաղության ապահովման համար»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելուն, ապա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո հնչած հայտարարություններն այսօր արդեն հայկական կողմը մեղմացնում է: Վերլուծաբանը պնդում է՝ երբեք չպետք է ակնկալենք, որ Ռուսաստանի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում Ղարաբաղը երբեւէ մասնակից կարող է դառնալ: Դե յուրե մասնակից չէ, բայց դե ֆակտո Ղարաբաղի կարծիքը միշտ հաշվի է առնվել՝ պնդում է նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ի դեպ՝ նախկին վարչապետը նշում է, որ խանդով չեն վերաբերվում ռուս-ադրբեջանական համագործակցությանը՝ նույնիսկ ԵԱՏՄ հնարավոր համագործակցության շրջանակներում: Պնդում է, որ Արցախը չի կարող դառնալ այդ համագործակցության «գինը»:

Կարդացեք նաև

Back to top button