Աթեշյանի Հայաստան այցի դեմ ձեւավորվել է նախաձեռնող խումբ
Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանի՝ Հայաստան այցի դեմ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որին միացել են նաեւ պատգամավորներ խորհրդարանի բոլոր խմբակցություններից՝ ստորագրահավաքի միջոցով: Աթեշյանի՝ Հայաստան այցի դեմ բողոքող նախաձեռնող խմբի անդամներն ու այդ ակցիային ստորագրահավաքով միացած պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են նախաձեռնության նպատակների մասին՝ շեշտելով, որ ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու համար նրա մուտքը Հայաստան, քանի որ, նրանց ձեւակերպմամբ, Պոլսո պատրիարքի տեղապահը թույլ է տվել արարք, որից հետո այլեւս չի կարող համարվել հայ եւ հանդես գալ Թուրքիայի հայ համայնքի անունից։ Բացի այդ, նրա վարքն ու գործունեությունը ոչ թե հոգեւորականի է, այլ՝ պարզապես բիզնեսմենի:
Պոլսո պատրիարքի տեղապահի՝ Էրդողանին ուղղված տխրահռչակ նամակը շարունակում է վրդովմունքի պատճառ մնալ հայության տարբեր շրջանակներում: Շատերը համոզված պնդում են, որ այդ քայլը դավաճանություն է համայն հայության եւ մարդկային արժեքների նկատմամբ:
Աթեշյանի արարքը նաեւ առիթ է դարձել՝ բացահայտելու արարքներ, որոնք վայել չեն հոգեւորականին: Որոշ փաստերի մասին օրեր առաջ տեղեկացել էր եւ այսօր լրագրողներին ներկայացրեց թուրքագետ Սարգիս Հացպանյանը: Նրա խոսքով՝ Արամ Աթեշյանն առեւտրով է զբաղվում եւ պղծում հայ հոգեւորականի կերպարը: Նա արժանի չէ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորի կոչման: «Այս նախաձեռնությունը, ես վստահ եմ, պետք է հասցնել նպատակին, որ գոնե մեկ հոգեւորական պատիժ կրի իր ոչ հոգեւորական կերպարի համար»:
Նախաձեռնության անդամներից լրագրող Գոհար Արշակյանը կարծում է, որ Արամ Աթեշյանի՝ Հայաստան այցի դեմ բողոքողների բանակը չափազանց մեծ է, քանի որ նա իր տխրահռչակ նամակով պարզապես պղծեց մեր 1.5 մլն նահատակների հիշատակը՝ արհամարհելով ողջ հայ ժողովրդին, այդ թվում՝ պոլսահայ համայնքին: «Մեր նպատակն է, որ կարգալույծ արվի այս հոգեւորականը: Նա չի կարող լինել հայոց համայնքի առաջնորդը կամ պատրիարքի փոխանորդը: Մեր նպատակն է, որ նա չմտնի Հայաստան»,- ասում է։
Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Կիլիկիո կաթողիկոսին՝ հայտնելով իրենց վրդովմունքն ու բողոքն այդ այցի դեմ: Եթե տեղի ունենա Աթեշյանի այցը Հայաստան, ապա նախաձեռնության անդամները կազմակերպելու են բողոքի զանգվածային ակցիաներ եւ վերջինիս դիմավորելու են ՝ նրա վրա նետելով հոտած ձվեր եւ լոլիկներ՝ տեղեկացրեց Գոհար Արշակյանը:
Ինչպես Աթեշյանի՝ Հայաստան այցի դեմ հանդես եկող նախաձեռնության անդամները, այդպես էլ այդ նախաձեռնությանը ստորագրահավաքով միացած պատգամավորները կարծում են, որ Աթեշյանի արարքը չունի որեւէ արդարացում: ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով՝ առիթներ ունեցել է հասկանալու, որ Աթեշյանի պահվածքը միշտ է եղել աբսուրդ: Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ նման անընդունելի արարքի դեմ պետք է նաեւ գործնական քայլերով գնալ: Լյուդմիալա Սարգսյանը չկիսեց այն տեսակետը, թե խնդիրը միայն հասարակական նախաձեռնության եւ հայ եկեղեցու դաշտում է: Ըստ նրա՝ այստեղ պետությունը նույնպես իր լուրջ գործն ունի անելու:
Վատիկանում անցյալ տարի անցկացված հայտնի պատարագը ցույց տվեց, որ ամբողջ քրիստոնեա աշխարհն այլեւս ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, եւ դրանից հետո Աթեշյանի նման քայլը պարզապես սրբապղծություն է եւ, Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, թե Մայր աթոռը, թե պետական մակարդակով պիտի Աթեշյանին հուշել, որ այլեւս ոտք չդնի Հայաստան: Նշենք, նաեւ, որ Պոլսո պատրիարքի տեղապահի դեմ ստորագրահավաք է սկսվել նաեւ Թուրքիայում: