

Հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը կժամանի Հայաստան: Հայաստան կատարելիք պատմական այցից առաջ կաթոլիկ եկեղեցու հովվապետը կոչով դիմել է հավատացյալներին՝ խնդրելով աղոթել իր առաջիկա այցի համար: «Խնդրում եմ Ձեզ աղոթել, ես մի քանի օրից որպես ուխտավոր կլինեմ Արևելքի երկրում՝ Հայաստանում, որն առաջինն է այն ժողովուրներից , որը Հիսուսից ստացավ Ավետարանը»: Հռոմի Սրբազան Քահանայապետի հայաստանյան այցի նշանակությունը, քաղաքական ու քաղաքակրթական շեշտրադրումները:
«Հռոմի քահանայապետի այցը ցանկացած երկիր նշանակալից իրադարձություն է, և յուրաքանչյուր երկիր, որտեղ նա մուտք է գործում, փորձում է առավելագույնս յուրացնել Պապի ուղերձների նշանակությունը, այն հասանելի դարձնելով նաև լայն հանրությանը», ասում է ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ քրիստոնեական աշխարհում Հայասատանը միշտ էլ դիտարկվել է որպես առանցքային երկիր և պատահական չէ, որ Պապն իր այցը համարում է որպես ուխտագնացություն դեպի երկիր, որն առաջինը Հիսուսից ստացավ Ավետարանը:
Աստվածաբանի համոզմամբ՝ պատահականություն չէ նաև Պապի այցը տարածաշրջանում տիրող թոհ ու բոհի ժամանակաշրջանում: Նկատենք, որ այցի օրակարգային ամենահանդիսավոր ու մարդաշատ միջոցառումը, թերևս, հանուն տարածաշրջանի խաղաղության երկու հովվապետերի միասնական աղոթքն է Երևանի Հանրապետության հրապարակում։ Աղոթք քրիստոնեա երկրում, որը կարծեք կրկնեց Հիսուս Քրիսոտոսի ճակատագիրը՝ մեռնելով ու հարություն առնելով ցեղասպանությունից հետո:
Ըստ Վարդան Խաչատրյանի սա ևս կարևոր ուղերձ է կրում իր մեջ: Աստվածաբանի համոզմամբ՝ Եվրոպան այսօր կանգնած է քրիստոնեական արժեհամակարգը վերականգնելու խնդրի առջև, արժեհամակարգ, որի վրա էլ ըստ էության, ստեղծվել ու ձևավորվել են արևմտյան քաղաքակիրթ պետությունները։
«Այցը Հայաստան նախևառաջ յուրահատուկ ուխտագնացություն է, սիրո և հիացմունքի վկայություն հնագույն Եկեղեցու նկատմամբ և բազամամյա քրիստոնեական ավանդույնթերի: Պապն իր երախտագիտությունն ու հարգանքը կարտահայտի ժողովրդի նկատմամբ, որը կարողացել է դարերի ընթացքում պաշտպանել իր ինքնությունն ու հավատքը՝ որպես թանկագին գանձ»,-իտալական թերթին տված հարցազրույցում Հռոմի պապի այցը Հայաստան այսպես է մեկնաբանել Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին: Նրա բնորոշմամբ՝ հայերի մեջ հիացմունքի է արժանի պատմական փորձությունները քրիստոնեական ոգով հաղթահարելու ունակությունը: Հավատքը Հայաստանի ուժն է, որը թույլ տվեց հաղթահարել 20-րդ դարի սարսափելի ողբերգությունն ու 1.5 միլիոն հայերի կոտորածը>>,-ասել է կարդինալը:




