
տեղադրվել է ժամը 15։15- ին
լրացվել է ժամկ 17։09- ին

Արդեն չորրորդ օրն է խորհրդարանը շարունակում է արտահերթ աշխատանքը եւ դեռ չի կարողանում սպառել կառավարության առաջարկած օրակարգը: Միայն այս արտահերթում գործադիրն օրենսդիրներին առաջարկել է քննարկել միանգամից մի քանի վարկային համաձայնագիր: Պատգամավորները երեկ արդեն վավերացրել էին Եվրոպական ներդրումային բանկից ակնկալվող 51 մլն եվրո վարկի համաձայնագիրը: Հիշեցնենք, որ այդ գումարը ծախսվելու է Վանաձորում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդիում եւ Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում ճանապարհի վերականգնման եւ արդիականացման համար: Այսօրվա քննարկումների ժամանակ բավականին ուշագրավ փաստեր պարզվեցին: Ինչ վերաբերում է աշխատանքային մթնոլորտին, ապա այսօր այն շատ թեժ էր՝ պատգամավորների քաշքշոցը կանխվեց եւ չվերածվեց ծեծկռտուքի:
Երեք տարի շարունակ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում թանկացել է՝ էներգահամակարգի պետական ընկերությունների կորուստները փոխհատուցելու համար: Այսօր ուշագրավ փաստեր ի հայտ եկան Աժ-ում՝ հերթական վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ: Հայաստանը պատրաստվում է վերցնել 30 միլիոն դոլարի նոր վարկ՝ Ատոմակայանին եւ Երեւանի ՋԷԿ-ին տրամադրելու համար: Պարզվեց՝ գումարը ծախսվելու է առեւտրային բանկերից ստացած բարձր տոկոսադրույքով վարկերը վերաֆինանսավորելու համար:
Իսկ ինչի՞ համար էին ընկերությունները վերցրել բարձր տոկոսադրույքով վարկեր՝ բացատրեց Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: «Մի քանի տարիների ընթացքում այդ երկու պետական ընկերություններին առաջարկել ենք կատարել իրենց ոչ բնորոշ գործունեություն: Նրանք տրամադրել են փոխառություններ «Նաիրաիտ» գործարանին եւ Վանաձորի «Քիմպրոմին», որպեսզի այդ թվում աշխատակիցներին վարձավճարները տրամադրվեն: Տարիների ընթացքում կուտակվել են բավականին մեծ գումարներ, արդյունքում իրենք չեն կատարել իրենց բնականոն աշխատանքը, վերցրել են թանկարժեք վարկային ռեսուրսներ եւ այլն: Որպեսզի կարողանանք բերենք այդ ամեն ինչը նորմալ հենքի վրա եւ բնականոն ձեւով այդ ընկերությունները շարունակեն աշխատել, մենք այդ վերակառուցումը կատարում ենք»,- ասաց։
Այսօր քննարկված մեկ այլ վարկի այսպես ասած «արժեքը» 14 միլիոն 600 հազար եվրո է: Դրանով էլ բարեկարգվելու են Գյումրիի փողոցներն ու ստեղծվելու է էներգախնայող արտաքին լուսավորության ցանց: Բարեկարգ ապրելը լավ է, բայց ընդհանրապես ապրելու հեռանկարն ավելի կարեւոր է: Շատերն այս քննարկման ընթացքում հիշեցին, որ արտագաղթում են ամենաշատը Շիրակի մարզից եւ հատկապես Գյումրիից: Նաեւ փաստեցին, որ ժամանակին Գյումրին ունեցել է 36 արդյունաբերական հիմնարկ եւ առաջնահերթությունը հենց արտադրություն հիմնելը պետք է լինի:
Պատգամավոր Արամ Մանուկյանը ներկայացրեց հետեւյալ վիճակարգությունը: «Մեր աշխատավարձի վարձատրության ֆոնդը երկու տարի առաջ եղել է մեկ միլիարդ դոլար, անցյալ տարի եղել է 970 միլիոն, այս տարի՝ 660 միլիոն: Միայն մեկ տարվա մեջ 33 տոկոսով պակասել է Հայաստանի աշխատողների վարձատրության չափը: Սա ի՞նչ է նշանակում՝ աշխատողն է պակասում, արտագաղթի արդյունք:
Հայաստանի վարկունակության առումով հանգիստ լինելու կոչ արեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Կարծում է՝ դեռեւս բարվոք վիճակում ենք:
«Մենք համարվում ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, երբեք չի եղել, որ Հայաստանը չի փակել իր պարտքները: Իսկ այն, որ մեր գործընկերներից որոշներից բոլորովին պետք չէ, որ մեր քաղաքները բարեկարգված լինեն եւ մեր մարդիկ բարելավված վիճակում ապրեն, դա մեզ շատ պարզ եւ հասկանալի է»։
Բայց ամենաթեժն այս քննարկումը չէր: Համայնքների խոշորացումը ենթադրող օրինագիծն այսօր ԱԺ-ում լուրջ վիճաբանության պատճառ դարձավ։«Գյուղ դատարկել չի կարելի, մենք Եվրոպա չենք, որ ինդուստիալիզացնենք գյուղը: Նույնիսկ եթե գյուղում կա 10 մարդ՝ դպրոցը պետք է աշխատի: Էրդողանը 23 միլիարդ դոլար փող է տալիս գյուղերի դոտացիայի տեսքով, գյուղական ուսուցիչների աշխատավարձը սահմանել է իր աշխատավարձի չափ: Մարդիկ հասկանում են, որ դա ստրատեգիական կարեւոր կետ է: Չի կարելի երկու կոպեկի համար բռնել համայնք վերացնել»,- ասում էր նախկին վարչապետը Հրանտ Բագրատյանը։
Վարդան Այվազյանին դուր չէր գալիս, որ խոսում էին ամեն ինչի մասին, բացի՝ օրինագծի»։ Բանավեճը վերածվեց խոսքուկռվի, ապա կրքերը բեժացան եւ նույնիսկ խանգարեցին քվեարկության բնականոն ընթացքը։ Պատգամավորները սեղանների մոտից դուրս էին եկել եւ փորձում էին հենց դահլիճում հարցեր պարզաբանել, պատգամավորների մի մասն էլ փորձում էր սթափեցնել գործընկերներին:
Բերդավանի, Կողբի, Աշոցքի եւ Ամասիայի բնակիչների դժգոհության օրինակները բերելով պատգամավորների մի մասը պնդում էր, որ անհրաժեշտ է հետաձգել օրինագծի քվեարկությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ դեռ երեկ կառավարության հետ քննարկել են, հանդիպել են նաեւ վերոնշյալ համայնքների բնակիչների հետ ու որոշակի պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել:
«Կառավարությունն ընդունել է մեր առաջարկը եւ առաջինից երկրորդ ընթերցում գոնե Բերդավանն ու Կողբը մեկ համայնքում չեն միանա: Տարբերակները կան եւ կառավարությունը դա կանի: Բերդավանը միանալու է Նոյեմբերյան համայնքին»,- ասում է։
Վիճահարույց օրինագիծն ամեն դեպքում առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ նույնիսկ քաշքշուկի ու աղմուկի պայմաններում ընդունվեց 58 կողմ 21 դեմ ձայներով:




