Հասարակություն

Հայ մտավորականները դատապարտում են Պոլսո պատրիարքական փոխանորդի պահվածքը

karenghazaryan

Հայաստանյան մտավորականները դատապարտում են Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանի քայլը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած տխրահռչակ նամակին, մտավորականները շեշտել են, որ գործ ունենք մի երեւույթի հետ, որը ներել չի կարելի: Դա ճիշտ չկշռադատված քայլ էր, որի տակ թաքնված են որոշակի անձնական հետաքրքրություններ, այլ ոչ թե մտավախությունը հայկական համայնքի անվտանգության համար՝ համակարծություն են հայտնել լրագրողների հետ այսօր հանդիպած մտավորականները: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո, այդ փաստի առնչությամբ ափսոսանքով լի նամակ էր հղել Էրդողանին:

 

Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը պետք է հասկանա, որ արդեն իսկ թշնամիների, ազգուրացների, դավաճաններրի շարքում է, սև շրջանակի մեջ։ «Նույն Թուրքիայում Հրանտ Դինքի պես տղաները հերոսի պես պահեցին իրենց: Այսօր էլ այդ գործն են անում՝ հիշեք Կարո Փայլանի աննման ելույթը խորհրդարանում: Արդարության ձայնը չպետք է լռի: Պետք է վախեցած, փչացած, հակահայ, նսեմացած վիճակները մենք կանխենք գոնե: Այս մարդը պետք է հայությունից հեռանա»:

Նման հարցերում մենք պետք է լինենք խիստ վճռական ու տատանումներ չպետք է լինեն, ուրացողները պետք է դատապարտվեն՝ հավելեց Դավիթ Գասպարյանը:

Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարեց, թե չի ուզում այդպիսի  մեկի մասին խոսել, ով նման ձեւով վարկաբեկում է հայկական անունն ու հայոց ցավը: Նա կարող էր չխառնվել քաղաքականությանը, մնացած հիմնավորումներին չեմ հավատում՝ շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ավելացնելով նաեւ, որ Պոլսո պատրիարքի տեղապահին նման քայլի դրդած ոչ մի մոտիվ արդարացված չէ։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, թեպետ կատարվածը կարելի է մեկնաբանել, թե որքան ճնշված են հայերը Թուրքիայում, ինչը, իրապես առկա է, այդուամենայնիվ, Պոլսո պատրիարքի տեղապահը չպետք է իրեն նման նամակ գրելու իրավունք վերապահեր:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ երբեք ստրկամտությունը չի եղել ապահովության երաշխիք: «Չեմ կարծում, որ հայկական համայնքը դառնում է ավելի ապահով, երբ որ նա չի բարձրաձայնում ճշմարտությունը: Դա երբեք չի եղել»,- ասաց նա: Ռուբեն Բաբայանը նկատեց, որ շատ հաճախ փորձում են անձնական հետաքրքրություններն արդարացնել ազգի շահերով, ազգի պահպանման շահերով: «Երբ որ խորն ես փորում՝ հասկանում ես, որ այնտեղ կան բիզնես հետաքրքրություններ, համապատասխան բարեեցություն, համապաասխան կապեր վերնախավի հետ եւ այլն»:

Արդարացումները, թե մտավախություններ կան Թուրքիայում հայկական համայնքի անվտանգության համար, Ռուբեն Բաբայանի համոզմամբ, արդարացված չեն: Միայն եւ միայն քո իրավունքները, ճշմարտությունը բարձրաձայնելով կարող ես ապահովել քո անվտանգությունը՝ եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Back to top button