

Համայնքների խոշորացումը ենթադրող օրինագիծն այսօր Աժ-ում լուրջ վիճաբանության պատճառ դարձավ, ինչը նույնիսկ խանգարեց բնականոն քվեարկության ընթացքին, քանի որ պատգամավորները սեղանների մոտից դուրս էին եկել եւ փորձում էին հենց դահլիճում հարցեր պարզաբանել։Պատգամավորների մի մասն էլ փորձում էր սթափեցնել գործընկերներին: Խնդիրն առաջացավ Հրանտ Բագրատյանի եւ Վարդան Այվազյանի վիճաբանությունից:
Բերդավանի, Կողբի, Աշոցքի եւ Ամասիայի բնակիչների դժգոհության օրինակները բերելով պատգամավորների մի մասը պնդել է, որ կառավարությունը հետաձգի նախագծի քվեարկությունը եւ միասին փորձեն հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել: Միքայել Մելքումյանը ուշադրությունը հրավիրել է ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրու տարածաշրջանի վրա:
Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հստակեցրել է, որ դեռ երեկ կառավարության հետ հանդիպումներ եղել են, հանդիպել են նաեւ վերոնշյալ համայնքների բնակիչների հետ ու որոշակի պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել:
Վիճահարույց օրինագիծն ամեն դեպքում առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ ընդունվեց 58 կողմ 21 դեմ ձայներով:




