Հասարակություն

Ինչպես կարգավորել առցանց լրատվամիջոցների աշխատանքը. կարծիքները բաժանվում են

karenghazaryan

Առցանց լրատվամիջոցների դաշտի կարգավորման անհրաժեշտության եւ դրանից բխող վտանգների մասին են այսօր քննարկել «Մեդիա» մամուլի կենտրոնի հյուրերը: Դաշտը կարգավորելու նախաձեռնությամբ են հանդես եկել մի շարք առցանց եւ տպագիր մամուլի միջոցների ներկայացուցիչներ, գլխավոր խմբագիրներ: Նախաձեռնությունը, սակայն, միանշանակ չի ընդունվել: Ոմանք մտահոգություն են հայտնել, որ այդ կարգավորումներով կարող է որոշակիորեն սահմանափակվել ազատ խոսքի իրավունքը:

 

Առցանց լրատվամիջոցները պետք է հարկային դաշտ մտնեն եւ դառնան իրավաբանական անձ: Սա է նախաձեռնության հիմնական պահանջներից երկուսը: Հայտարարության տակ ստորագրածներից մեկը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն է: Նրա համոզմամբ՝ առցանց լրատվամիջոցների կարգավորումը ազատության սահմանափակման որեւէ խնդիր չի կարող առաջացնել: «Սանձարձակությունը, անարխիան չափազանց շատ են եւ նրանք, ովքեր փորձում են այս դաշտում աշխատել, դժվարություններ են ունենում: Դժվարություն՝ կապված քոփի-փեստերի հետ եւ նման բազմաթիվ խնդիրների»:

Բացի այդ, հասարակությունն անվստահություն ունի դեպի լրագրողներն ու լրատվամիջոցները՝ ընդհանրապես: Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ դա նոր խնդիր չէ, սակայն, եթե մի քանի լրատվամիջոցները չեն ճշգրտում իրենց կողմից հաղորդվող տեղեկությունները, այսինքն՝ պատասխանատվություն չունեն հասարակության հանդեպ, ապա դա ազդում է բոլոր լրատվամիջոցների վրա:

«Սիվիլնեթի» սյունակագիր Արմեն Գրիգորյանի խոսքով, մինչդեռ, առզանց լրատվամիջոցների կանոնակարգման հետ կապված՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգություններ կան: Երբ կոռումպացված կառույցի համբավ ունեցող հարկայինին հրավիրում են այս դաշտ, ապա այն «հաշիվներ է մաքրում», քանի որ ազդելու ամենամեծ հնարավորություններն ունի: Խոսքի ազատության սահմանափակողը սովորաբար իշխանությունն է, հետեւաբար՝ դրանով իշխանությանը հավելյալ հնարավորություններ են տրվում՝ կարծիք հայտնեց «Սիվիլնեթի» սյունակագիրը:

Ազատ խոսքը զարգանում է հենց մրցակցության եւ ինքնակարգավորման շնորհիվ՝ հավելեց բանախոսը: Ըստ նրա՝ ինտերնետում գրագողությունը կա, բայց դրա դեմ պայքարելու համար պետք չէ իշխանությանը բերել այդ դաշտ: Պետք է այլ ձեւեր մտածել: Իշխանությանը տվյալ դաշտից պետք է դուրս թողնել, որպեսզի խոսքի ազատությունը հնարավորինս առավելագույնը լինի՝ շեշտեց «Սիվիլնեթի» սյունակագիրը: Վերջինիս մոտեցումը չկիսեց կարգավորման կողմնակիցներից «168 ժամ» թերթի եւ համանուն կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Նրա խոսքով՝ իրենց նպատակը ընդամենը դաշտում հավասար պայմաններ մտցնելն է:

Խոսքի ազատությունը գողացված կամ անօրինական նյութը չէ՝ շեշտեց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով նաեւ, որ իրենց առաջարկն ընդամենը դաշտը կարգավորելու անհրաժեշտության մասին է, որը դեռ պետք է քննարկվի: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ակնհայտորեն մտահոգիչ խնդիրներ կան, որոնք նաեւ կարող են բերել պարզապես մամուլի սնանկացմանը: Ըստ նրա, սակայն, առցանց լրատվությունը կարգավորելը շատ բարդ է՝ տարբեր շերտեր ունի, նաեւ՝ խառնված են լրատվականն ու կուսակցականը։ Բացի այդ, կան կայքեր, որոնք գողանում են նորմալ լրատվամիջոցների նյութերը ու փող աշխատում գովազդների հիման վրա եւ նրանց պոչը բռնելն անհնար է:

Տեղեկատվության անվտանգության մասնագետը նկատեց, որ երբ կարգավորում է մտցվում՝ սկսում է գնալ դեպի գրաքննություն, չես կարգավորում՝ գնում է դեպի անարխիա: Հետեւաբար, նրա կարծիքով, հանրության հետ աշխատանքը միայն կարող է արդյունք տալ, ուստի, Սամվել Մարտիրոսյանի խոսքով, չպետք է թերագնահատել հասարակական ներուժը:

 

Կարդացեք նաև

Back to top button