

Այս տարվա մայիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը։ Համաձայն նոր կարգի՝ սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ և գիշերօթիկ դպրոցներում։ Նախապատվությունն այսուհետև տրվելու է ընտանեկանին մոտ ձևերին ՝ որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում։ Թեմայի շուրջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում քննարկում էր կազմակերվել ՝ պարզելու համար՝ որքանո՞վ են կայացած խնամքի այս նոր ծառայությունները Հայաստանում։
Բեռնաթափել մանկատները, հատուկ դպրոցները, երեխաներին վերադարձնել կամ կենսաբանական, կամ խնամատար ընտանիք: Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որն իրականցվում է միջազգային տարբեր կառույցների ու տեղական կազմակերպությունների օգնությամբ: Նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր երեխա՝ անկախ առողջական վիճակից, պետք է մեծանա ընտանիքում որպես անհատ, այլ ոչ թե կոլեկտիվի մաս, ինչը բնորոշ էր խորհրդային տարիներին գործող հաստատություններին։
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍեՖ-ի ներկայացուցիչ Տատյանա Ռադոչայն այցելել է Հայաստանի խնամքի կենտրոններ և մեծ ցավ ապրել։ «Երբ այցելում եմ Հայաստանում որոշ հաստատություններ, այնտեղ մարդիկ հպարտորեն ցույց են տալիս, թե ինչ կոկիկ ու մաքուր է, ես շատ եմ տխրում: Որովհետև մտնում եմ սենյակ, որոնք նույնն են՝ ութ մահճակալ, պատերին ոչինչ չկա: Անհատական, երեխային հատուկ ու տարբերակող ոչինչ չկա: Դա է կոլեկտիվ և անհատականացված խնամքի տարբերությունը: Մեր երեխաները նման սենյակում չեն ապրում, երեխաներին պետք են անհատական իրեր, որոնք ի ցույց կդնեն նրանց անհատականությունը, իսկ հաստատություններում դրանց պակասը կա»:
Այժմ իրականացվող քաղաքականության նպատակը խորհրդային տիպի հաստատությունները փակելը չէ՝ ասոմ է ՅՈՒՆԻՍեՖ-ի ներկայացուցիչը, դրանք ժամանակի ընթացքում կփակվեն: Ասվածի ապացույցը Ռադոչայի ներկայացրած թվերն են՝ Հայաստանում 10 տարի առաջ խնամքի տարբեր հաստատություններում ապրում էր 11 հազար երեխա, իսկ 2015 թվականին՝ 3500 երեխա: Վերջին տասը տարիների ընթացքում այս թիվը 75 տոկոսով նվազել է համակարգում ընթացող բարեփոխումների շնորհիվ:
«Մեր՝ ՀՀ կառավարության, տեղական ու միջազգային կազմակերպությունների նպատակն է անհատականացված ու սատարող խնամք ցուցաբերել ՀՀ յուրաքանչյուր երեխայի նկատմամբ: Սա նշանակում է, որ երեխաները պետք է հասակ առնեն ընտանեկան միջավայրում, իրենց համայնքում: Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել և այնպես անել, որ երեխաները չառանձնացվեն իրենց ընտանիքներից։ եթե դա այնուամենայնիվ տեղի է ունենում ու այլ ճանապարհ չկա, ապա երեխաները պետք է տեղավորվեն այլընտրանքային ընտանիքում»:
Այլընտրանքային ընտանիքը թերևս խնամատար ընտանիքն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ ներդրվել է մեր երկրում: Խնամատարն այն ընտանիքն է, որտեղ կարող է բնակվել հաստատությունում գտնվող երեխան՝ մինչև չափահաս դառնալը, երբեմն ՝ նաև չափահաս դառնալուց հետո : Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի տեղեկացմամբ, այս պահին խնամատար ընտանիքներում գտնվում է 17 երեխա: Նրանցիցի յուրաքանյչուրի համար ամեն ամիս 130-140 հազար դրամ գումար է հատկացնում խնամատար ընտանիքին:
Ինչպես որդեգրման, այնպես էլ խնամատար ընտանիքների դեպքում հայ ծնողները նախապատվությունը տալիս են առողջ երեխաներին: 2015-ին միայն մանկատներից որդեգրվել է 61 երեխա, նրանցից տասն առողջ երեխաներ են ու որդեգրվել են ՀՀ քաղաքացիների կողմից: Մյուս երեխաները ունեցել են առողջական խնդիրներ, նրանց որգեգրել են օտարեկրյացիները: Սոցապնախարարության ներկայացուցչի տվյալներով, այս պահին հաստատություններում գտնվող 660 երեխաներից 520- ն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Նրանց ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում որդեգրել։
Իսկ ես հիշեցնեմ, որ մայիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը։ Համաձայն նոր կարգի՝ սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ և գիշերօթիկ դպրոցներում։ Մշակվել ու կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև որդեգրման նոր կարգը, որտեղ հստակ մեխանիզմները հստակ են, սակայն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի տեղեկացմամբ, կառավարությունը նախագիծը հետ է ուղարկել ՝առաջարկելով այն կրկին ներկայացնել Ընտանեկան օրենսգրքի ընդունումից հետո միայն:




