Վերլուծական

Այսօր Շահումյանի անկման օրն է. դրա դասերն ու գնահատականները

karenghazaryan

Հունիսի 13-ը Շահումյանի անկման օրն է: Ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններում ընկավ Շահումյանը, որն է այդ ցավալի իրադարձության դասը: Այս հարցերի շուրջ են այսօր խոսել Ադրբեջանահայերի միավորման համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը եւ« Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական խմբի պետ Սուրեն Կարապետյանը: Ազատամարտիկները կարծում են, որ Շահումյանի դասերը պետք են՝ այսօրվա իրավիճակը հասկանալու եւ գնահատելու համար:

 

Անցած 24 տարիներին բազմիցս անդրադարձ կատարվել է Շահումյանի անկման խնդրին, արվել են թե՛ քաղաքական, թե՛ ռազմական վերլուծություններ: Դրանք այսօր պետք են ներկան գնահատելու համար՝ ասաց Ադրբեջանահայերի միավորման համանախագահ, Շահումյան հայրենակցական միության անդամ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը:

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական խմբի պետ, հետախույզ-վետերանների միության նախագահ Սուրեն Կարապետյանի խոսքով՝ Շահումյանի անկումը նաեւ դիվանագիտության պակասի արդյունք էր: Ըստ նրա՝ ժամանակին Ադրբեջանը հապաղեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցում, իսկ Հայաստանը շտապեց դա անել օր առաջ, ինչի արդյունքում ԽՍՀՄ զորքերը առանց վարանելու սատարեցին Ադրբեջանին եւ որպես արդյունք ունեցանք Շահումյանի եւ Գետաշենի հայաթափումն ու անկումը:

Բացի այդ` հանգամանքից, ըստ հետախույզ-վետերանի, ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը համարժեք քայլեր չձեռնարկեց՝ Շահումյանի եւ Գետաշենի պաշտպանությունն ուժեղացնելու համար: Նա հիշեցրեց, որ դեռ այն ժամանակ Շահեն Մեղրյանը շեշտել էր, որ Շահումյանը եւ Գետաշենը վերցնելու ԽՍՀՄ բանակի մի քանի փորձեր ձախողվել էին, սակայն հերթականը հաջողվեց, քանի որ այդ անգամ անհասկանալի պայմաններում չի գործել հրետանին:

Ադրբեջանահայերի միավորման համանախագահ, Շահումյան հայրենակցական միության անդամ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանի համոզմամբ՝ Շահումյանի անկման համար մեղավորներ ու պատասխանատուներ կան, որոնք, սակայն, մինչ օրս, նրա ձեւակերպմամբ, պատասխանատվություն չեն կրել: Այսօր էլ, ըստ նրա, Շահումյանի դասերին պետք է անդրադառնալ պարզապես ներկան գնահատելու համար, քանի որ այսօրվա իրադարձությունների եւ 24 տարի առաջ տեղի ունեցածի միջեւ սերտ կապեր կան:

Անդրադառնալով շահումյանցիների խնդիրներին՝ Արարատ Ծատուրյանը նկատեց, որ առաջին իսկ օրից մինչեւ այսօր դրանք նույնն են՝ սոցիալականից սկսած, ավարտած քաղաքական այն պահանջներով, որ առաջադրում են շահումյանցիները: Արցախն ու ադրբեջանահայությունը պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին՝ սա է պահանջներից հիմնականը, որին ձգտում են նաեւ շահումյանցիները՝ զարմանք հայտնելով, որ իշխանությունները որպես կռվան ադրբեջանահայության հարցը բանակցություններում չեն օգտագործում:

Back to top button