

Վերջին տարիներին Հայաստանում ներգնա տուրիզմը անկում է ապրում: Ոլորտի ներկայացուցիչները մատնանշում են խնդիրներ, որոնք բարելավելու դեպքում կհասնեն դրական արդյունքների: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն արձանագրում է՝ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանից ավելի շատ զբոսաշրջիկները մեկնում են Ադրբեջան ու Վրաստան, քան՝ Հայաստան: Պատճառը՝ Հայաստանը գովազդված չէ՝ նկատում է։ Նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցելը չի խթանել միության անդամ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից զբոսաշրջիկների աճը։ Անհրաժեշտ են նոր փաթեթներ առաջարկել, որոնք կգրավեն երիտասարդներին: Ի՞նչ խնդիրներ են ծառացած ոլորտի առջև, և ինչպես են նախապատրաստվում մեր համաքաղաքացիները ամառային արձակուրդներին:
Եղանակային քմահաճ վայրիվերումներն առայժմ թույլ չեն տալիս, որ ամառը մտնի իր լիիրավ իրավասությունների մեջ, սակայն ուշ թե շուտ մեր համաքաղաքացիները պետք է մտածեն ամառային արձակուրդների անցկացման մասին: Դարձյալ գլխավոր հարցը մնում է տեղանքի ընտրության խնդիրը և գրպանին հարիր 15-20 օրվա հանգիստը: Իհարկե, զբոսաշրջության ծառայություններին լծված կազմակերպությունները հազար ու մի առաջարկ են անում և՛ Հայաստանում, և՛ արտերկրում ամառային հանգիստն առավել արդյունավետ ու շահավետ անցկացնելու համար, սակայն պարզ է, որ ոչ բոլորին են հասու դրանք: Այսօրվա մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիներն այս տարի ամառային հանգիստն անցկացնելու համար նախապատվությունը տալիս են հայաստանյան տեսարժան վայրերին:
ՀՀ կառավարությունը զբոսաշրջության ոլորտը թեև հայտարարել է գերակա ճյուղ, սակայն նախորդ տարվանից տուրիզմի ոլորտում գրանցվում է անկում: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանի կարծիքով՝ անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը: Ոլորտում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում: Առաջինը՝ հարևան երկրների հետ համեմատած հայկական փաթեթների գները բարձր են ոչ թե ներքին ծախսերի, այլ բարձր են տոմսերի գները: Իսկ սրա պատճառներն էլ մի քանիսն են: Նախ՝ քիչ են այն ավիաուղիները, որոնք աշխատում են Հայաստանում, և երկրորդ՝ եղածներն էլ, ի տարբերություն Վրաստանի, տոմսերի բարձր գին են սահմանում, ներգնա տուրօպերատորների միության ղեկավարը պարզաբանում է պատկերը:
«Պատճառաբանում են, որ ինքնաթիռը կիսադատարկ է։ Բայց դա մեկը մյուսի հետ կապված են, եթե էժանացնեն գները, ապա ուղևորները շատ կլինեն: Երբեմն լինում է, որ ինքնաթիռներում ազատ տեղ չի լինում, բայց միևնույնն է՝ գները չեն իջեցնում»:
Տոմսերի թանկությունից բացի ոլորտի մասնագետը մատնանշում է ևս մի քանի խնդիր, որոնք վանում են զբոսաշրջիկներին. ճանապարհների քարուքանդ վիճակը, զուգարանների բացակայություն: Իսկ այն, որ օտարերկրացիները քիչ են հետաքրքրված Հայաստանով, պատճառը արտերկում մեր երկիրն անծանոթ լինելն է։ Կարինե Դավոյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջրկում՝ կարեւորելով մեր դիվանագիտական առաքելությունների աշխատանքը:
«Հավատացեք, որ դա մեծ աշխատանք չէ: Տարին մեկ անգամ դեսպանը կարող է հավաքել տուրօպերատորների միություններին, ասոցիացիաներին և Հայաստանը ներկայացնել, կազմակերպել պրեզենտացիաներ»:
Սփյուռքի նախարարությունն էլ ունի անելիքներ: Մեր երկրի տեսարժան վայրերով հիանալու համար Հայաստան են այցելում այնպիսի երկրներից զբոսաշրջիկներ, որտեղ հայկական սփյուռքը մեծ թիվ է կազմում, սակայն այդ վայրերից ժամանածները Հայասատնի մասին տեղեկություններ չունեն: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ ոլորտի անկումը պայմանավորված է երկրի անվտանգության խնդրով: Ապրիլյան իրադարձություններն էլ իրենց հերթին բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջիկների թվի վրա:
Կարինե Դավոյանն էլ լիահույս է, որ ապրիլյան իրադարձությունները չեն կրկնվի, քանի որ Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների զբոբաշրջային շուկան նույնպես տուժում է։ Այս իրադարձությունների արդյունքում, ըստ Կարինե Դավոյանի, չեղարկվել է Հայաստան թռիչքների մոտ 30 տոկոսը։
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ արձանագրում է՝ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանից ավելի շատ զբոսաշրջիկները մեկնում են Ադրբեջան ու Վրաստան, քան՝ Հայաստան: Պատճառը՝ Հայաստանը գովազդված չէ՝ նկատում է։ Նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցելը չի խթանել միության անդամ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից զբոսաշրջիկների աճը։ Անհրաժեշտ են նոր փաթեթներ առաջարկել, որոնք կգրավեն երիտասարդներին:




