Վերլուծական

Թուրքիան սպառնում է, Գերմանիան` մանեւրում

mariapapyan
Գերմանա-թուրքական հարաբերությունները Բունդեսթագի բանաձեւից հետո նոր փուլ են թեւակոխում։ Թուրքիան սպառնում է, Գերմանիան մանեւրում՝ հերթական անգամ բարոյա-խրատական ապտակ հասցնելով Եպրոպական խոշոր գերտերության հասցեին հոխորտանքների համար։ Արդյո՞ք վտանգված են գերմանա-թուրքական բազմաթիվ նախագծեր¸ մասնավորապես միգրացիոն համաձայնագիրը եւ արդյոք սուլթանական Էրդողանի նկրտումները թույլ կտան հրաժարվել ԵՄ-ն խոստացած միլիարդավոր եվրոներից։ Հարցերի շուրջ զրուցել ենք ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

 

 

«Թուրքիան գրեթե միջոց չունի Գերմանիայի վրա ազդելու, հակառակը, Թուրքիան է տնտեսական առումով կախվածության մեջ գտնվում Գերմանիայից:  Այնպես որ, Անկարան կարող է միայն շանտաժի դիմել փախստականների խնդրի հետ կապված: Դա նույնպես իրական լուրջ վտանգ չի կարող ներկայացնել Գերմանիայի համար. Թուրքիան փախստականների գործարքից միլիարդներ է ստանալու: Այնպես որ, Թուրքիայի սպառնալիքները լուրջ չեն»,- «Ռադիոլուրի» խնդրանքով մեկնաբանելով Անկարայի սպառնալիքները Գերմանիային, ասել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Բունդեսթագի որոշումը շատ կարեւոր նշանակություն ունի, եւ հայկական կողմը պետք է կարողանա դա օգտագործել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե որն է լինելու հայկական դիվանագիտության քայլն ու անելիքը Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո:

« Բունդեսթագի որոշումից հետո Եվրոպայում մի նոր մթնոլորտ է ձեւավորվում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առումով: Պատահական չէ, որ Չեխիայի նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի նույնպես ճանաչի եւ  դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այսինքն, Բունդեսթագի որոշումը եվրոպական մի շարք երկրների համար կունենա շատ կարեւոր նշանակություն, եւ նրանք կփորձեն հետեւել Գերմանիայի օրինակին»,- հավելել է քաղաքագետը՝ նշելով, որ մեր դիվանագիտությունը պետք է կարողանա ավելի հեշտացնել եվրոպական երկրների ճանապարհը դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում՝ տրամադրելով անհրաժեշտ նյութեր եւ մասնագետների գիտելիքներ:

Թուրքական մի քանի միլիոնանոց համայնքը արդյոք սպառնալիք է Եվրոպայի համար Բունդեսթագի որոշումից հետո:

«Ռադիոլուր»-ի խնդրանքով  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեկնաբանել է նաեւ Գերմանիայի թուրքական մի քանի միլիոնանոց համայնքի խնդիրը եւ անդրադարձ է կատարել նաեւ Սիրիայում ծավալվող վերջին իրադարձություններին եւ թուրք-քրդական բախումներին:

«Գերմանիայում գործող շուրջ 500 թուրքական կազմակերպությունները մեծ ջանք ներդրեցին՝ փորձելով խոչընդոտել Բունդեսթագի կողմից օրինագծի ընդունմանը, բայց անհաջողության մատնվեցին: Սա  նշանակում է, որ որքան էլ այնտեղ մեծ է թուրքական համայնքը, միեւնույն է չեն կարողանում ազդել Գերմանիայի քաղաքական համակարգի վրա : Ինչ վերաբերում է Բունդեսթագի որոշման եւ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ կապի մասին հարցին, ես այստեղ կապ չեմ տեսնում: Թուրքիայի դերակատարումը Սիրիայում շատ որոշակի է, եւ այդ դերակատարման նպատակն է ամեն կերպ ազատվել Ասադի կառավարությունից»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Back to top button