Հասարակություն

Անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հերթական հարված ինքնիշխանությանը

alisagevorgyan
Ինչպես հայտնի է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին, որը կնքվել էր 2015-ի դեկտեմբերին: Ամենայն հավանականությամբ համաձայնագիրն  առաջիկայում  կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Ոմանց համոզմամբ սա հերթական հարվածն է Հայաստանի ինքնիշխանությանը: Ոմանք էլ պնդում են, որ համաձայնագիրը Հայաստանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ քայլ է: Թեմայի շուրջ այսօր բախվել են «Ողջ մնալու արվեստ» ՀԿ նախագահ  Վովա Վարդանովի և ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի տեսակետները:

 

 

Միջոցների ու գործողությունների սխալ կոորդինացումը վերջին 20-25 տարիներին բերել է նրան, որ հակաօդային պաշտպանության ոլորտում սեփական ուժերով Հայաստանն այսօր 100 տոկոսով կարող է պաշպանել միայն Երևան քաղաքն ու Մեծամորի ատոմակայանը: «Ողջ մնալու արվեստ» ՀԿ նախագահ  Վովա Վարդանովը, թերևս, հենց սրանով էլ հիմնավորում է հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրի անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ համաձայնագիրը Հայաստանի օդային տարածքը կարող է պաշտպանել հնարավոր վտանգներից, որոնք միանգամայն  իրական են:

Համաձայնագիրը, ըստ Վարդանովի, զերծ չէ նաև թերություններից, օրինակ՝ շրջանառվող փաստաթղթի համաձայն հակաօդային պաշտպանության  համակարգը վերահսկվում է ռուսական հրամանատարության կողմից: «Ապրիլյան պատերազմը  փաստեց, որ ռուսական կողմը հայ-ադրբեջանական բախումների ժամանակ ռազմական որևէ միջամտություն ցուցաբերելու ցանկություն չի դրսևորում: Հետևաբար չի բացառվում, որ ՀՕՊ համակարգը ձեռքի տակ ունենալով, կարող է և ժամանակին չարձագանքել հարավային Կովկասից եկող վտանգներին»,-ասում է Վովա Վարդանովը, ով  միամիտ է որակում այն տեսակետը, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է առաջնորդվի մեր շահերով: Յուրաքանչյուր կողմ առաջնորդվում է սեփական շահերով, ինչը պետք է օրինաչափություն դառնա  նաև մեզ համար ընդհանրապես և համաձայնագիրը կնքելուց առաջ՝ մասնավորապես:

«Ես չեմ ուզում պաշտպանված լինել ինչ որ մեկի շնորհիվ, որովհետև այդ մեկի քմահաճույքից էլ պետք կախված լինի իմ պաշտապանությունը»,-ասում է «Կարին» ավանդական երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ում  համոզմամբ  հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու հայ –ռուսական համաձայնագիրը  հերթական հարվածն է Հայաստանի ինքնիշխանությանը:

Հայասատնի անվտանգության տեսանկյունից  ինչ կշիռ ունեն հայ-ռուսական ռազմական համաձայնագրերն, ըստ Գինոսյանի, ցույց տվեցին ոչ միայն ապրիլյան դեպքերը, այլև Ադրբեջանի ոտնձգությունները հենց Հայաստանի սահմանի նկատմամբ: Գինոսյանի համոզմամբ՝ մենք այսօր ավելի կարևոր խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում անգամ ապրիլյան պատերազմից հետո: «Ամբողջ Մասիվում նոր ասֆալտ են փռել, իսկ զինվորը շարունակում է պահածոյի տուփերով պաշտպանվել: Անպայման մեր զավակն ու եղբայրը պիտի զոհվեն կռվի դաշտում, որպեսզի հասկականք՝  այսօր ասֆալտի ժամանակը չի»,-ասում է ազատամարտիկը:

Back to top button