Որը կլինի Թուրքիայի հաջորդ քայլը
Գերմանիայի Բունդեսթագը ձայների գերիշխող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձեւի նախագիծը, որում 1915-ի իրադարձություններն ամենաուղղակի կերպով բնորոշվեցին Ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայի քաղաքական օրակարգ բերելը վերջին օրերին հայկական, թուրքական եւ արեւմտյան մամուլի էջերից չի իջնում: Թուրքիայի իշխանությունն ամենաբարձր մակարդակով մինչ բանաձևի ընդունումը զգուշացրել էր Մերկելի կառավարությանը` վտանգի տակ չդնել թուրք-գերմանական դաշնակցային հարաբերությունները: Սակայն բանաձեւն ընդունվեց, Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ կանչվեց, որին էլ այսօր հաջորդում են ամենօրյա սպառնալիքները: Ո՞րը կլինի Թուրքիայի հաջորդ քայլը, ստեղծված լարվածության ֆոնին ի՞նչ օգուտներ է քաղում Ռուսաստանը, և ընդհանրապես՝ Էրդողանի միօրինակ և կրկնվող հայտարարությունները ի՞նչ կտան Անկարային:
Զայրացավ ու սկսեց սպառնալ: Այն, որ հետ կանչեց իր դեսպանին և սկսկեց խոսել տնտեսական հարաբերությունների վերանայման մասին, պարզ էր, սակայն այսօր, վերադառնալով նախկին հայտարարությունների կրկնմանը, աշխահին հիշեցրեց, որ իր երկրում 100 հազար հայ է ապաստանել, և թե բոլորին «Հայաստան կուղարկեին, եթե հայերի թշնամին լինեին»: Ավելի ՝ Էրդողանը հրավիրել է ուսումնասիրել թուրքական արխիվները և միայն դրանից հետո իրենց դեմ փորձել մեղադրանքներ ներկայացնել։ Թուրքիայի նախագահը Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ նաև քննադատել է Գերմանիայում Կանաչների կուսակցության ծագումով թուրք ղեկավար Ջեմ Օզդեմիրին:
«Մի պարծենկոտ վեր է կենում, ինչ-որ բան պատրաստում ու ներկայացնում Գերմանիայի խորհրդարանին: Ասում են՝ իբր թուրք է…ի՞նչ թուրք: Սրանց արյունը պետք է լաբորատոր զննություն անցնի: Ասում են՝ «խորհրդարանն ընդունեց այդ որոշումը, սակայն դա չի ազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»: Ինչպե՞ս չի ազդի: Ես շարունակելու եմ անել հարկ եղածը, քանի որ այս ազգը երբեք չի խոնարհվել»:
Սա մեջբերում էր Թուրքիայի նախագահի ելույթից, որն ընդունվել է ծափողջյուններով, իսկ նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդրըմն էլ ասել է, որ Գերմանիայի խորհրդարանն ստորագրեց ստի տակ: «Թուրքիան հպարտանում է թե՛ իր պատմությամբ, թե՛ իր ժողովրդով»:
Վերադառնանք Էրդողանի հայտարարությանը։ Ինչու՞ է Թուրքիայի նախագահը պատեհ անպատեհ խոսում պատմաբանների և Թուրքիայում բնակվող հայերի մասին: Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, Թուրքիայի քայլերում նոր բան չկա, ամեն ինչ նախապես ասվածի կրկնությունն է: Նույն հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանը վարչապետ ժամանակ, նույնը՝ նախագահ: «Հայերին երկրից չի հանի, բայց փորձ է «մարդասերի» կերպարով հանդես գալու»,-ասում է թուրքագետը:
«Հիմա նա ասում է, որ հայկական հարցը, աշխարհում որպես մահակ է օգտագործվում Թուրքիայի դեմ: Նա ասում է, եթե շարունակվի՝ հայերին կվտարի, ու կրկին փորձում է Թուրքիայում բնակվող հայերին պատանդի կարգավիճակում պահել: Իսկ ինչ վերաբերում է կանի, թե չի անի, այս պահին Թուրքիայի շահերից չի բխում: Փորձում է մարդասեր երեևալ և հաջորդ քայլով շանտաժի է դիմում»:
Այժմ Ռուսաստանի մասին, որն այս օրերին ամենաակտիվներից է լուսաբանում Բուդեսթագում ընդունված բանաձևը: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը բնական է համարում, որ ռուս-թուրքական լարված ֆոնի ներքո Ռուսաստանը պետք է ակտիվ շրջանառի Ցեղսպանության ճանաչման մասին Գերմանիայի ընդունած բանաձևը։ Այն Թուրքիայի իրական պատկերը ևս մեկ անգամ ներկայացնելու հարմար առիթ է։ Տեղեկացնենք, որ նախօրեին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում անդրադարձ է եղել բանաձևին, որտեղ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ պետք է հասկանալ, Թուրքիան իրեն բոլորովին նույն կերպ է պահում ինչպես վերջերս գործած, այնպես էլ 100 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունների հետ կապված: Խոսքը՝ ռուսական ինքնաթիռի խոցման մասին է: Անցում կատարենք Թուրքիայի հակաքայլերին: Արդյո՞ք բանաձևի ընդունումը կստվերի թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունները, ավելին՝ այսօր նաև թուրքական կողմից հնչեց Իջիրլիքի ավիաբազայից Գերմանայի հասանելիոթյան սահմանափակման մասին:
Թուրքագետը Իսպիրյանը ներկայացնում է իր կարծիքը՝ «Թուրքիան ներկայումս տխուր վիճակում է և կխուսափի Գերմանիայի հետ առճակատումից»:
Տեղեկացեննք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո գերմանական Բունդեսթագի թուրքական արմատներով պատգամավորներին սպառնում են սպանել՝ «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Օզկան Մութլուն, ելույթ ունենալով գերմանական հեռուստատեսությամբ, հայտարարել է աննախադեպ չափերի հասած սպառնալիքների մասին, որոնք ստանում են թուրքական արմատներով 11 պատգամավորները։
Անկարայի քաղաքապետն իր Twitter- ում հրապարակել է բոլոր այդ պատգամավորների լուսանկարները։ Այնուհետև այլ օգտատերեր նկարները տարածել են՝ սպանության կոչեր գրելով: