Քաղաքական

Իրանի նախագահը կժամանի Հայաստան

annanazaryan
Պաշտոնական այցով  ԻԻՀ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարարին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու  խոսել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու, վիզային ռեժիմը վերացնելու մասին:  Էդվարդ Նալբանդյանին ընդունել է նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Նրանք մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։ Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի հետ էլ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների կատարման ընթացքը։

 

Իրանի  նախագահ Հասան Ռոհանին, ընդունելով պաշտոնական այցով  Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո բոլոր ոլորտներում երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու լավ հնարավորություն է ստեղծվել և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հայաստանի արտգործնախարարը, խոսելով  ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, տեղեկացրել է Վիեննայում կայացած գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերի մասին, որոնց նպատակն է հաղթահարել ռազմական գործողությունների հետևանքները։ Այս համատեքստում նախագահ Ռոհանին ընդգծել է, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատել է, որ Իրանը  սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։

Հանդիպման թերևս ամենաուշագրավ անդրադարձը երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցն էր, ինչը Հասան Ռոհանիի խոսքով՝ լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման համար:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հարևան ու բարեկամ երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը կարևոր է համարում ոչ միայն քաղաքական, այլեւ  տնտեսական առումով: Այն առաջին հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայերի համար շատ հետաքրքիր կարող են  լինել Իրանի տարածքում գտնվող հուշարձանները՝ ասաց:

Ի դեպ՝ Հայաստանից Իրան գնալը կարժենա այնքան, որքան Հայաստանից Վրաստան՝ նշեց:  Իրանագետ Գոհար Իսկանդարյանը վիզային ռեժիմի վերացումը քաղաքական որոշում համարեց, երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունների վկայություն։ Վիզային ռեժիմի վերացումը միայն կավելացնի իրանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում՝ ասում է:

«Երկար ժամանակ մտածում էին վերացնե՞լ, թե՞ ոչ:  Վրաստանի ու Ադրբեջանի հետ վաղուց է վերացրել, բայց վիզային եռժիմի վերացումից հետո անելիք կունենա ԱԱԾ-ն»:

Գուցե լինեն մարդիկ, ովքեր այնքան էլ պետք չէ, որ լինեն Հայաստանում ՝ միտքը շարունակեց իրանագետը:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ արագ պետք է ավարտին հասցնել հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը։ Նրա համոզմամբ՝ դա մեծ հնարավորություն կտա Հայաստանի տարածքով Պարսից ծոցը կապել Սև ծովին:

Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանը շատ փոքր շուկա է Իրանի համար ու հարց է, թե որքանով իրանական ապրանքները պահանջված կլինեն ԵԱՏՄ շրջանակներում։ Այնպես որ՝ հարց է, թե որքանով ինտենսիվ կգործի Հյուսիս-հարավը ճանապարտով իրանական ապրանքները Սև ծով դուրս բերելու ծրագիրը:

Իրան-Ադրբեջան երկաթգիծը, Իրանի նախագահ Ռոհանիի  ավելի վաղ արված հայտարարության համաձայն,  շահագործման պետք է հանձնվի 2016 թվականի վերջին Թե որքանով այն ինտենսիվ կիրառելի կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ադրբեջանն այն երկիրն է, որի վրա հույս դնել  պետք չէ ու դա հասկանում են նաև Իրանում՝ նկատեցին փորձագետները: Ու դա է թերևս պատճառը, որ  Իրանը ձգտում է այլընտրանք ունենալ Հայաստանի տարածքով:

Ի դեպ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակ այցելել Հայաստան:

Back to top button