Հասարակություն

ԼՂՀ վարչապետը շվեյցարահայերի հետ քննարկել է Արցախում տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում և պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի, տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը բացման իր խոսքում ողջունել է Ա. Հարությունյանի այցը՝ կարևորելով Արցախի նշանակությունը ողջ հայության համար: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ համայնքի հայությունը հնարավորություն ունի անձամբ վարչապետից լսելու Արցախի ձեռքբերումների, խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին:

 

Վարչապետը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականաշինության և տնտեսության զարգացման ընթացքը՝ դրանում բարձր գնահատելով սփյուռքի դերակատարությունը:

 

Անդրադառնալով ընթացիկ իրավիճակում հայության անելիքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեզ վրա առաքելություն ենք կրում երաշխավորելու հայրենիքի լուսավոր ապագան: Այդ ճանապարհին կարևորագույն հարց է կայուն ու երկարաժամկետ անվտանգության ապահովումը, որն անհնար է իրագործել առանց տնտեսական ու ժողովրդագրական զարգացման: Ուստի, կոչ եմ անում ողջ հայությանը գործուն մասնակցություն ցուցաբերել Արցախի տնտեսական զարգացման գործում՝ դրանով ապահովելով հայրենիքի անվտանգ ու բարեկեցիկ առաջխաղացումը: Այդ տեսանկյունից, սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար»:

 

Ա. Հարությունյանը հանդիպման վերջում անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաների բազմապիսի հարցերին՝ հորդորելով ավելի ակտիվորեն ընդգրկվել հայրենիքի շենացման գործում:

Back to top button