Միջազգային

Գերմանիայի նախագահը որոշել է չառաջադրվել երկրորդ ժամկետում

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը որոշել է հրաժարվել հաջորդ ընտրություններում նախագահական աթոռի համար պայքարից, հայտնում է Bild պարբերականը։

Նշվում է, որ Գաուկին նման խորհուրդ է տվել նրա ընկերուհին՝ Դանիելա Շադտը, վկայակոչելով նրա տարիքն ու առողջական վիճակը։ Երկրորդ ժամկետի ավարտին Գաուկը կդառնա 82 տարեկան։

Հայտնի է, որ երկուշաբթի Գաուկը հանդիպում կանցկացնի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Պարբերականի տվյալներով՝ քաղաքական գործիչները կքննարկեն Գաուկի ապագան, իսկ երեքշաբթի նախագահն իր որոշման վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։

ZDF հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն՝ Գերմանիայի քաղաքացիների 70 տոկոսը կցանկանար, որպեսզի Գաուկը մնար նախագահի պաշտոնում։

Back to top button