Խորհրդարանականները կրկին գործադիրի ներկայացուցիչների հետ փակ հանդիպում են պահանջում: Պատգամավորներին հետաքրքում է, թե ինչ ջանքեր է գործադրում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում ապահովելու համար: Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում բուռն քննարկում է առաջացրել ոչ միայն այս հարցը, այլ նաև հայ- ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը:
Երեւանը հավանաբար ցանկալի է համարում, բայց արդյոք այդ ցանկությունը ձեւակերպվո՞ւմ է որպես բանակցային պահանջ՝ մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման դիտարկում էր արել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին`պատասխանելով ԼՂՀ-ի բանակցային սեղանին վերադառնալու մասին հարցին:
Ռուսաստանցի պաշտոնյայի այս դիտարկումը հարցեր է առաջացրել խորհրդարանի ընդդիմադիր շրջանակներում . արդյո՞ք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բավարար ջանքեր գործադրում է Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում ապահովելու համար։ Եթե այո, ապա որոնք են ապացույցները:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հենց այդ ապացույցներն էր պահանջում: «Առաջարկս հետևյալն է՝ հարցը պետք է հրատապ քննարկման թեմա դառնա եւ խորհրդարան հրավիրվեն ԱԳՆ ներկայացուցիչները` խոսելու համար ոչ թե իրենց դիվանագիտական ձեռքբերումներից, այլ ապացույցներ ներկայացնեն, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է, որ ապահովի ԼՂՀ ներգրավվածությունը բանակցություններում»:
Առաջարկը քվեարկելու կարիք չեղավ. արտգործնախարարի հետ կա պայմանվորվածություն առաջիկայում փակ քննարկում ունենալու ոչ միայն այս, այլ նաև բանակցային գործընթացին առնչվող այլ հարցերի վերաբերյալ ՝ գործընկերներին տեղեկացրեց արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սա արդեն ձեռք բերված պայմանավորվածություն է , առաջիկա օրերին կունենանք փակ քննարկում: Իհարկե, փակ քննարկման պրակտիկան ԱԺ-ում այդպես էլ չի կայանում, դեպք չունենք, որ այդ փակ քննարկումները բութով , ստորակետով չհանրայնացվեն, բայց դա է միակ հնարավորությունը»,- ասաց:
Օրակարգային մյուս հարցն ավելի բուռն քննարկում առաջարցրեց: Առիթը հայ- ռուսական համաձայնագիրն էր, որը վերաբերում է կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու հարցին: Փաստաթուղթը, ի դեպ, ստորագրվել է դեռևս 2015-ի դեկտեմբերին, բայց քանի որ հիմա է խորհրդարանում վավերացման ընթացակարգ սկսում, դիտարկվում է բոլորովին այլ տեսանկյուններից՝ ապրիլյան պատերազմի դասերը հաշվի առնելով:
Մտահոգությունները շատ էին, բայց ինչպես հանրապետական Համլետ Հարությունյանն արձանագրեց, խիստ հասկանալի: Ըստ նրա ՝ եթե համաձայնագիրը քննարկվեր մինչև ապրիլյան դեպքերը, քննարկումն այլ ընթացք կունենար: «Համաձայնագրի անունը ինչ ուզում եք դրեք, քննարկումը գնալու էր այս ոգով, որովհետև այս մտահոգությունների համար ստեղծվել է պարարտ հող: Կա լուրջ անվստահության մթնոլորտ»:
Սա խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի մտահոգությունն էր, ընդդիմադիրների մտահոգություններն ավելի սուր էին։ Նման փաստաթղթերով մեր անվտանգության կարիքները հոգալու պատրանք ենք ստեղծում, մինչդեռ պետք է սեփական համակարգն ուժեղացնենք ՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Ինչու ենք մեր հակաօդային պաշտպանության համակարգը դնում Ռուսաստանի հետ համատեղ կառավարման տակ: Ասենք ինքնաթիռ մտավ մեր տարածք Թուրքիայից, ինչո՞ւ դրա հարցը Ռուսաստանի հետ համատեղ պետք է լուծենք»:
Հարցը ծայրահեղ երանգներով ներկայացրեցիք՝ արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պարզաբանելով: «Նույն պայմանագրով նախատեսվում է, որ կառավարումն իրականցվում է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Այսինքն, անմիջական կառավարումն իրականցվում է մեր կողմից: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ենք շահելու՝ շահելու ենք օժանդակ ուժեր»:
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը դեմ արտահայտվողներին հորդորեց « ավելի գլոբալ նայել հարցին»: Ըստ պատգամավորի՝ Թուրքիան չի հապաղելու որեւէ հնարավորության դեպքում ոտնձգությունների գնալ ու առնվազն մեր արեւմտյան սահմանն ապահովելու համար այսպիսի պայմանագրերը կարեւոր են:
Հանրապետական Սամվել Ֆարմանյանն էլ կարծում են, որ ընդդիմադիրների մտահոգությունները հիմքեր ունեն, բայց համաձայնագրի բովանդակությունը սխալ է մեկնաբանվում: «Ցանկացած պետություն ունի իր հակաօդային պաշտպանության համակարգը: Ուժեղացրեք այն, որքան ուզում եք, եւ այս միասնական համակարգի մասին համաձայնագիրը մեզ չի խանգարելու ուժեղացնել մեր հակաօդային պաշտպանության համակարգը »:
Կարեն Բեքարյանն էլ հարցի քննարկման համար ընտրված ժամանակահատվածը կասկածի տակ դրեց: Նրա կարծիքով՝ պահը բոլորովին նպաստավոր չէ նման փաստաթուղթ քննարկելու համար: Ալեքսանդր Արզումանյանը հակառակ կարծիքին է՝ ճիշտ ժամանակն է ոչ միայն քննարկելու, այլ նաև անվստահության պատգամ ուղարկելու: «Սա ինքնատիպ վստահության քվեակություն է, որով կարող ենք պատգամ ուղարկել մեր գործընկրեոջը»,- ասաց։
Քվերակությունն անվստահության օգտին չէր: Համաձայնագրին կողմ քվեարկեց հանձնաժողովի անդամների մեծամասնությունը, դեմ էին Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: