

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն նշվում է սկսած իննսունական թվականներից: Նպատակը՝ ծխելու վնասների վրա եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրելն է: Ինչպիսի՞ պատկեր է այսօր Հայաստանում եւ ի՞նչ խնդիրներ կան՝ ծխելու դեմ պայքարի առումով: Այս հարցերի շուրջ է լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր խոսել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Յուրաքանչյուր տարի ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն անցնում է կոնկրետ ուղղվածությամբ եւ լոզունքով: Այս տարի ուշադրություն է դարձվում ծխախոտի տուփերի փաթեթավորմանը՝ որպես արդյունավետ միջոց՝ ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Նրա փոխանցմամբ՝ այս տարի ԱՀԿ-ն առաջարկել է ծխախոտի տուփը այնպիսին դարձնել, որ գովազդային որեւիցե տարր չպարունակի: Հիմա խոսենք հարցի մասին, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում:
«Այս տարի նոր հետազոտություն անցկացրեցինք, որի համաձայն Հայաստանում վիճակագրությունը շեշտակի փոփոխություն չի կրել՝ մեծահասակների շրջանում: Այսպիսով, տասնվեց տարեկանից բարձր տղամարդկանց 53 տոկոսն է ծխող»:
Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ դրական տենդենց է նկատվել 40-50 տարեկան տղամարդկանց մոտ՝ աստիճանաբար ծխախոտից հրաժարվելու առումով: Սա, ըստ մասնագետի, հավանաբար կապված է այդ տարիքային խմբերում առողջական որոշակի խնդիրների առաջացման հետ: Կանանց եւ դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործման պատկերը այսպիսին է:
«Կանանց մոտ Երևանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը յոթ-ութ տոկոս է կազմում, իսկ մարզերում՝ երեք տոկոս: Դեռահասների մոտ հարաբերական ավելի լավ է, քան հարևան երկրներում, նրանց ծխախոտի օգտագործման ցուցանիշը Հայաստանում ընդհանուր վեց տոկոս է, ինը տոկոս՝ տղաների մոտ, իսկ մեկ տոկոս՝ 13-15 տարեկան աղջիկների»:
Կարճ խոսքով՝ Հայաստանը տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշ ունեցող երկիր է, իսկ կանանց մասով՝ այնքան էլ բարձր չէ, նաեւ՝ հարեւանների հետ համեմատությամբ: Ծխախոտի դեմ պայքարի առումով՝ Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց Հայաստանի թույլ կողմը.
«Մեր երկրում մեր թույլ կողմը հասարակական վայրերում ծխախոտի օգտագործումն է»:
Այդուամենայնիվ, ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի, իրենց կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ երկրորդական ծխի ազդեցության են ենթարկվում ոչ այնքան հասարակական վայրերում, որքան տներում, իսկ այստեղ օրենսդրություն կիրառելը գրեթե անհնար է: Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ կարեւոր կլիներ հասարակության վերաբերմունքը ծխելու նկատմամբ, եթե ամոթի գործոնը աշխատեր, ինչպես այս գործում հաջողած որոշ երկրներում:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ թոքի քաղցկեղ ունեցողների ութսուն տոկոսը ծխող են: Ծխելու թողնելու միջոցներին անդրադառնալով՝ նա ասաց, որ դրանք երկուսն են՝ առաջինը ծխախոտը պարզապես թողնելն է, և երկրորդը՝ դեղամիջոցով թողնելը:




