Այս տարի Թուրքիայից Հայաստան է ներկրվել 296 տոննա վաղահաս կարտոֆիլ
Մինչ տնտեսության ոլորտի պատասխանատուները թուրքական ապրանքների ներկրումը խստացնող մեխանիզմներ են մշակում, թուրքական լոլիկը, վարունգը, այժմ նաև վաղահաս կարտոֆիլը շարունակում են անարգել մուտք գործել հայկական շուկա: Թուրքական արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, ուստի տեղական բանջարեղենն ավելի բարձր գին ունի շուկայում։ Սա, ըստ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների, իրենց համար խնդիրներ է ստեղծում:
Արարատի մարզի Դիմիտրով համայնքում է բնակվում զրուցակիցս՝ Քաջիկ Հակոբյանը, ով երկար տարիներ է ջերմոցային տնտեսություն ունի, տեղական լոլիկ է աճեցնում: Նա, և ոչ միայն նա, պարբերաբար դժգոհում է` հայկական շուկայում հայտնված թուրքական լոլիկը խոչընդոտ է իրենց արտադրանքին, գինը բավականին ցածր է, տեղական լոլիկն էլ չեն կարողանում իրացնել:Հակոբյանը թուրքական լոլիկի ցածր գնի առնվազն երեք պատճառ է մատնանշում` նախ՝ եղանակն այնտեղ ավելի տաք է, երկրորդը՝ գազն էժան է, երրորդը՝ բերելուց մաքսազերծում չեն անում:
«Ժամանակից տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունները հնարավորություն կտան մշակվող բանջարեղենի ինքնարժեքը նվազեցնել»,- պարբերաբար հայտարարում են ոլորտի պատասխանատուները։ Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ու լոլիկ աճեցնող Քաջիկ Հակոբյանը նրանց հակադարձում է. «Մենք ժամանակակից մեթոդով ենք աշխատում… Եթե Հայաստանում գազը կրկնակի,եռակի բարձր է նրանց համեմատ, մենք ոնց կարող ենք նույն գնի ապրանք արտադրել: Մեր եկամուտի 70-75 տոկոսը գազի վարձ ենք տալիս»։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նույնպես փաստում է՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները գումարի 70 տոկոսը ջեռուցման վրա են ծախսում, մինչդեռ Թուրքիայում հնարավոր է վարունգ կամ լոլիկ աճեցնել անգամ պոլիէթիլենային տոպրակի միջոցով: Այս կերպ ինքնարժեքն ավելի ցածր է ստացվում։ «Մենք ունենք այդ խնդիրը, սակայն փորձում ենք լուծել այն: Մեզ մոտ ջերմոցային տարածքները գնալով շատանում են, ժամանակակից ջեմրոցներ են ներդրվում, որոնք մեկ քառակուսի մետրից երկու կամ երեք անգամ ավելի շատ բերքատու են, քան՝ խորհրդային շրջանի ջերմոցները»,- ասում է։
Թե Բերբերյանը, թե բանջարեղեն վաճառողները միաբերան պնդում են՝ արտաքինից դժվար է տարբերել տվյալ բանջարեղենն ու հատկապես լոլիկը թուրքակա՞ն է, թե՞ տեղական։ Ձայնագրվելուց հիմնականում խուսափող վաճառականները, սակայն, վստահեցնում են, որ գնորդին չեն խաբում
Թուրքիայից Հայաստան ներկրվող լոլիկին օրերս անդրադարձավ նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2015թ բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս:
«Ամբողջ տարվա ընթացքում ներկրվել է 150 տոննա լոլիկ, որոնց մեջ կարող է լինեն նաեւ թուրքական: Վերջին երկու ամսում ընդհանրապես չի ներկրվել՝ հստակեցրեց ոլորտի պատասխանատուն: Ուսումնասիրություններ արվել են եւ թուրքական լոլիկ չեն հայտնաբերել՝ վստահեցնում է գյուղնախարարը: «Այսօր ՀՀ-ում ունենք ժամանակակից ջերմոցներ, որոնցում հիմնականում արտադրվում է լոլիկ եւ վարունգ եւ կարողանում ենք բավարարել մեր պահանջարկը»,- ասում է Սերգո Կարապետյան:
Այսօր Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարեց, որ հայկական շուկամյում նաև թուրքական վաղահաս կարտոֆիլ է հայտնվել: Սա, ըստ Բերբերյանի, անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով է։ «Շուկայում պարսկական ու թուրքական կարտոֆիլ կա, այստեղ Թուրքիան է օգտվել առիթից, որ ռուսական շուկան փակ է։ ՌԴ- ից մոտ 500 տոննա կարտոֆիլ է հայտնվել Հայաստանում»։
Ըստ Բերբերյանի, ներկրված վաղահաս կարտոֆիլը Կարսի տարածաշրջանում աճեցվածն է։ Ըստ էության, հողը հայկական է, սակայն մշակողներն են թուրք։ Այստեղ գրեթե նույն հողերն են, ինչ Արարատյան հարթավայրում, ուստի արտաքինից այն դժվար է տարբերակել։
ԳՆ ՍԱՊԾ-ից «Ռադիոլուրին» փոխնացեցին, որ այս տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել 296 տոննա վաղահաս կարտոֆիլ:
Նշենք նաև, որ, ծառայության վսատհեցմամբ, այս խմբաքանակն էլ անցել է ֆիտոսանիտարական լաբորատոր փորձանքնություն, ստուգվել են նաև անվտանգության ցուցանիշներով, հետո միայն հասել սպառողին: