
Մերի Աբրահամյան
«Ռադիոլուրի» համար
— Доброе утро из Карабаха
-Բարի՞ է :
— Հա, էս գիշեր խաղաղ էր :
19-ամյա Գևորգ Եղիազարյանը Շիրակի մարզի Ամասիա գյուղից է, 2014 թվականից ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող: Իսկ մեկ ամսից կլրանա մեկ տարին, ինչ արդեն որպես կրտսեր սերժանտ Եղիազարյան ծառայում է ՀՀ զինված ուժերում. արցախյան զորամասերից մեկում հրետանային կայանքի հրամանտար է: Գևորգը ամենակարևորից սկսեց ՝ խաղաղ էր. կարող էինք զրուցել, չնայած որ նոր էր իջել դիրքերից, հոգնած էր ու հարցազրույց տալու սեր էլ չուներ.
— Խոստացել եմ չէ՞. ուրեմն պարտականություն է, պետք է կատարել:
— Հարցազրույց տալուց բացի որո՞նք են մյուս պարտականություններդ:
-Մշտապես պատրաստ լինել մարտական գործողության, վերահսկել հաշվարկային գործողությունները , մշտապես պահպանել մարտական բարձր պատրաստության վիճակը։ Սի ամբողջ հրետանային կայանքի պատասխանատվություն ինձ վրա է, էլի՞ թվեմ:
— Չէ , բավական է, տեսնում եմ՝ գիտես անելիքդ ու մարտական ես տրամադրված, իսկ մինչև զորակոչվելդ ինչպիսի՞ն էր վերաբերմունքդ :
— Ես իմ կամքով եմ եկել, ու սրանք ուղղակի խոսքեր չեն: Ծնողներս շատերի նման ամեն հնար չեն գործադրել, որ ազատեն ինձ ծառայությունից: Իրենց դաստիարակությունն է. մանկուց միշտ լսել եմ , որ 18 տարեկան դառնամ , պիտի գնամ բանակ ծառայելու: Հիմա այստեղ եմ ու չեմ փոշմանում։ Այնպիսի բաներ եմ սովորել այստեղ , որ դպրոցում կամ համալսարանում հաստատ չէի սովորի:
-Ընկերներդ ասում են՝ հանրահաշվի ստուգողականների ժամանակ իրենց «փրկիչն» էիր: Հասցրել ես նաև մեկ տարի տնտեսագիտություն ուսումնասիրել: Մաթեմատիկական գիտելիքները օգնու՞մ են բանակում։

— Ճիշտն ասած՝ հրետանային կայանքի հրամանատար հենց այդ գիտելիքների շնորհիվ եմ դարձել: Հրետանավորի աշխատանքի մեծ մասը հաշվարկների հետ է կապված, գործս հենց հաշվելն է ՝մի տարբերությամբ ՝ բանակում ինչ հաշվում ես, պիտի արագ հաշվես:
— Այսինքն «դրսում » սովորածդ բանակում կիրառում ես, ասեցիր ՝ այդտեղ էլ սովորում ես բաներ , որ «դուրսը» չի կարող տալ, ի՞նչ ես բերելու հետդ:
— Գևորգին ՝ ավելի հասուն, ավելի մտածող ու պատասխանատու: Այստեղ շատ բան տեսա, հատկապես՝ վերջին օրերին ու ունեցած պատկերացումներս ոնց որ թե փոխվել են: Դեռ գլուխ չեմ հանում, բայց շատ ժամանակ ունեմ վերլուծելու ու հասկանալու համար:
-Կպատմե՞ս այս ապրիլյան ապրումներիդ մասին :
— Երբ դպրոցում Հայոց պատմություն էինք անցնում, պատերազմական հատվածները յուրահատուկ սիրով էի կարդում. գործողություն կար , հետաքրքիր էր, բայց երբեք չէի մտածի, որ պատերազմի կմասնակցեմ, որ մեր իրականությունում նման բան հնարավոր է: Չգիտեմ, պատերազմը անցյալի հետ էր ասոցացվում մինչև վերջերս:
-Իսկ ի՞նչ եք արել դու և ծառայակից ընկերներդ այդ օրերին:
— Մենք մեր ստորաբաժանումով մի քանի լուրջ գործողություններ ենք իրականցրել: Վստահում էի հրամանատարներիս ու առանց մտածելու կատարել եմ բոլոր հրամանները: Ինչպես հասկացաք՝ հաշվելուց լավ եմ, ու ամեն պահի գիտակցում էի, որ ողջ մնալը 50-50 էր, ու էդ գիտակցությունը բոլորիս սառնասիրտ ու պատասխանատու էր դարձրել: Ես էլ, ընկերներս էլ յուրաքանչյուր պահի պատրաստ ենք կատարել մարտական գործողությունները: Ու գիտեք ՝ էդ ամեն ինչում մի հաճելի զգացում էլ կար .ազգիս ռեալ, շոշափելի , ոնց ասեմ ՝ «մաթեմատիկական» օգուտ էինք տալիս՝ հեռու պաթոսային հայրենասերներից ու իրենց բարբաջանքներից:

-Հաշվու՞մ ես օրերը :
-Չէ, օրերի մասին որ չես մտածում , ավելի լավ է անցնում: Ամիսներով գիտեմ՝ ինչքան է մնացել, բայց վերադարձի մասին դեռ չեմ մտածում:
— Բայց կարոտում ես:
— Հա, ծնողներիս եմ կարոտում, ընկերներիս, բացի այդ ուսանողական կյանքն եմ շատ կարոտել՝ սկսած միջանկյալների աժեոտաժից մինչև մեր սև շենքի բուֆետը:
— Ես հիմա քո ասած միջանկյալային շրջանում եմ, ի՞նչ կուզես՝ վաղը քո փոխարեն անեմ:
— Մի աղջիկ կար, կուզեի տեսնել, բայց որ իմ փոխարեն դու գնաս տեսնելու, մի քիչ սիրուն չի նայվի:
— Գևորգ, քեզ ոգևորող հերոս ունե՞ս:
— Բա առանց դրա՞, հիշում ես չէ՝ ես դիրքերից եմ իջել ու քունս տանում է. սա քո վերջին հարցն է ու ես ընդամենը պատսխանում եմ ՝ Մոնթե Մելքոնյան :
Քնեց:
Իսկ ես չհասցրի ասեմ, որ իմ հերոսն էլ ինքն է ու էն բոլոր տղեքը, որ հիմա կանգնած են սահմանին: Բայց հենց այս վայրկյանին, Գևորգի պես խուսափելով պաթոսային տեքստ գրելուց, այստեղ վերջակետ եմ դնում ու «շոշափելիի» հետևից գնում՝ մեկ ամսից մեկնարկող զորահավաքին եղբորս ուղարկելով միանալու հերոսներին:




